Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Լեռնային Ղարաբաղ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է զինվորների հետ, արխիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է զինվորների հետ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օհանյանը և Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր։

Լեռնային Ղարաբաղից հաղորդում են, որ այս գիշեր սահմանին կրկին կրակոցներ հնչել են, թեև նախորդ օրերի համեմատ իրավիճակն ավելի կայուն է եղել։

«Համեմատաբար կայուն է, թեպետ հակառակորդը շարունակել է խախտել զինադադարի ռեժիմը։ Օրինակ, երեկ մոտ 120 անգամ խախտել է, բայց ստանում է համարժեք պատասխան, և մենք, բարեբախտաբար, որևէ կորուստ չունենք»,- ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Բաբայանը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է կիրառել նաև ականանետեր։ Նույն տեղեկությունը փոխանցեցին նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը կրակոցներ հնչել են, բայց անհամեմատ ավելի քիչ, քան նախորդ օրերին։

Անցյալ ուրբաթ օրը ադրբեջանական զինուժի հրթիռահրետանային արկակոծման հետևանքով վնասված և Երևան տեղափոխված վեց զինվորների վիճակը արդեն գնահատվում է միջին ծանրության, հաղորդեց զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Լևոն Ժամագործյանը։

«Վեց հոգուց երկուսն են, որ միջին ծանրության են, մնացածը բավարար վիճակում են, երկուսը վաղը արդեն կուղարկվեն հետ՝ Ստեփանակերտ։ Բոլորն էլ կբուժվեն բարձր մակարդակով, ոչ մի պրոբլեմային հարց չկա»,- ասաց բժիշկը։

Վնասվածքաբանական բաժանմունքում պառկած զինվորներից մեկը շարքային Արկադի Մուրադյանն է։ Նա բանակ է զորակոչվել հուլիսին։

«Հաց էինք կերել, ուզում էինք մեր կրակայինը շարունակել, գնացել էինք կրակելու, շարված էինք, ու էդ պահին գցեցին ականները։ Առաջինը ես վիրավորեցի հենց առաջին ականից»,- պատմեց զինվորը։

Արկադին խոստովանում է՝ ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունից շատ էր վախեցել, բայց առողջանալուց հետո արդեն պատրաստ է վերադառնալ ծառայության.- «Չէինք պատկերացնում, որ տենց բան կարող է լինել, մենք էլ նոր գնացած՝ երկու ամսվա ծառայող»։

XS
SM
MD
LG