Մատչելիության հղումներ

Բռնապետները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում


Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, Նյու Յորք, 11-ը հոկտեմբերի, 1960թ․
Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, Նյու Յորք, 11-ը հոկտեմբերի, 1960թ․

Մինչ վերջին օրերին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ էին ունենում Բելառուսը ավելի քան 20 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, շուրջ 15 տարի Ռուսաստանը ղեկավարող Վլադիմիր Պուտինը, «Ազատություն» ռադիոկայանը առանձնացրել է աշխարհի ամենահայտնի բռնակալների ամենահիշվող և աղմկահարույց ելույթները նույն ամբիոնից:

Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել 1960 թվականին: Մինչ իր հանրահայտ ելույթը, կոմունիստական կուսակցության կարկառուն ներկայացուցիչը ի տարբերություն մյուս ներկաների իր գործընկերների ելույթներին արձագանքում էր ոչ թե ծափերով, այլ կոշիկը սեղանին խփելով:

Այդ դրվագը տարիներ անց շարունակում է մնալ թեժ բանավեճի թեմա՝ ի՞ր կոշիկն էր, թե՞՝ ոչ, հարվածո՞ւմ էր արդյոք ամբիոնին, թե՞ ընդամենը թափահարում էր օդում։ Կամ պնդումներ, որ այդ կոշիկը Խրուշչովը դահլիճ էր բերել կանխամտածված։ ԽՍՀՄ-ի պատվիրակությունն այն ժամանակ գիտեր, որ բրիտանացի նախարարը քննադատելու է Ֆիդել Կաստրոյին, ինչի նկատմամբ կոմունիստ գործիչը չէր կարող անտարբեր մնալ։ Այդպես էլ եղավ. անգլիացի պաշտոնյան Կուբայի ղեկավարին «գող ու թափառաշրջիկ» անվանեց, և առաջինը արձագանքեց Խրուշչովը ՝ կոշիկով: Ինչից հետո, իհարկե, ստիպված եղավ վճարել 5 հազար դոլար:

Նույն նստաշրջանին ելույթ է ունեցել նաև Ֆիդել Կաստրոն, ում ելույթը ՄԱԿ-ի 70 տարվա պատմության մեջ մնացել է որպես ամենաերկարը՝ ավելի քան չորս ժամ:

Մուամար Քադաֆին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Լիբիան ավելի քան 40 տարի ղեկավարելուց հետո: Նրա ելույթը տևել է շուրջ մեկուկես ժամ՝ 15 րոպեի փոխարեն: Իր խոսքում նա, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Անվտանգության խորհուրդն անվանել է «ահաբեկչության խորհուրդ»: Նույն խորհուրդն, ի դեպ, երկու տարի անց բանաձև է ընդունել, որը թույլ է տվել արտասահմանյան երկրներին մասնակցել Լիբիայի քաղաքացիական պատերազմին՝ Քադաֆիի զորքից խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով:

Ուգո Չավեսը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել 2006-ին: Մինչ ելույթը նա նախ խաչակնքել է՝ այդպիսով յուրատեսակ ողջույն հղելով, իր խոսքով, «մարմնով սատանային»: Իսկ «սատանան», ինչպես պարզաբանել է Չավեսը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերն էր: Վենեսուելայի նախագահը իր ելույթում հիմնականում խոսել է իմպերիալիզմի վտանգներից ՝ մասնավորապես առանձնացնելով ամերիկյան իմպերիալիզմը. Չավեսը համարում էր, որ մարդկությանը սպառնացող հիմնական վտանգը հենց ԱՄՆ-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG