Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Նյու Յորքում


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, 28-ը սեպտեմբերի, 2015թ․

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, 28-ը սեպտեմբերի, 2015թ․

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումը նախատեսվածից կրկնակի ավելի տևեց:

Ժամեր առաջ Նյու Յորքում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Բանակցությունների առանցքային թեմաներն էին Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման ուղիները: Սիրիայի ղեկավարի հարցում նախագահները ընդհանուր հայտարարի չեն եկել:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումը նախատեսվածից երկու անգամ ավելի է տևել՝ 1 ժամ 55 րոպե: Հանդիպումն ամբողջությամբ անցել է փակ դռների հետևում, որևէ ողջույնի խոսք երկու երկու երկրների ղեկավարները չեն ասել, սոսկ սեղմել են միմյանց ձեռքերն ու անցել առանձին սենյակ:

Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:

Պուտինը նախ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները այսօր բավական ցածր մակարդակի վրա են: «Հասկանալի է և առանց իմ մեկնաբանությունների», - ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել այդ հարաբերությունները:

Հանդիպումը Օբամայի հետ Պուտինը օգտակար և անկեղծ է անվանել: «Որքան էլ տարօրինակ է թվում՝ մենք ունենք ընդհանուր մոտեցումներ և՛ Սիրիայի, և՛ Ուկրաինայի հարցերում, թեև տարաձայնությունները մնում են», - հայտարարել է նա:

Reuters լրատվական գործակալության աղբյուրները նշում են, որ երկու նախագահներին չի հաջողվել պայմանավորվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի շուրջ: Օբաման հերթական անգամ ասել է, որ իրավիճակը Սիրիայում կարգավորելու հնարավորություն չկա, քանի դեռ Ասադը չի հեռացել:

Նույն Reuters-ը հաղորդում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը, այդուամենայնիվ, պայմանավորվել են, որ ռուս և ամերիկացի զինվորականները խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայում բախումներից խուսափելու համար:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս խոսելով Ասադի մասին՝ Պուտինը ասել է․ - «Ես ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներիս հարգանքով եմ վերաբերվում, սակայն նրանք Սիրիայի քաղաքացիներ չեն, այդ իսկ պատճառով՝ դժվար թե նրանք պետք է որոշեն Սիրիայի ղեկավարության ճակատագիրը»:

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայում ցամաքային որևէ ռազմական գործողությունների ռուսական բանակը չի մասնակցելու: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով՝ սա Սիրիայի բանակի խնդիրն է:

Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ հանդիպման առաջին կեսին երկու երկրների ղեկավարները խոսել են Ուկրաինայից, իսկ երկրորդում՝ Սիրիայից:

Լրագրողներին Պուտինը ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և որ Օբաման նույնպես դրական է գնահատում Մինսկի համաձայնությունների կատարման հնարավորությունը առաջիկա ամիսներին:

Մինչև ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպելը, վերջին տասնամյակում առաջին անգամ Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ծավալուն անդրադարձ կատարելով Սիրիային և միջազգային ահաբեկչությանը: Պուտինը առաջարկել է «հակահիտլերյան կոալիցիա» ստեղծել և այդ կոալիցիայում ընդգրկել նաև մահմեդական երկրները:

Նա խոսել է նաև ՄԱԿ-ում վետոյի Ռուսաստանի իրավունքի ու դրա շուրջ բանավեճի մասին: Մոսկվան բացասաբար է վերաբերվում այս նախաձեռնությանը, և Պուտինը Նյու Յորքում հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները միշտ էլ տարբեր կարծիքներ են ունեցել:

Վլադիմիր Պուտինը իր ելույթում շատ թռուցիկ է անդրադարձել Ուկրաինային՝ ասելով, որ հետխորհրդային երկրները դրվել են կեղծ ընտրության առաջ՝ լինել Արևմուտքի կամ Արևելքի հետ, ինչի արդյունքում Ուկրաինայում տեղի է ունեցել հեղաշրջում, որը, ըստ նրա, հրահրվել է դրսից:

Այս պահին արևմտյան մամուլը մեծամասամբ նկատում է, որ Ռուսաստանի նախագահը թեև կոշտ քննադատել է Միացյալ Նահանգներին և Արևմուտքին, սակայն դա արել է դիվանագիտական լեզվով և սպասվածից ավելի զգույշ:

XS
SM
MD
LG