Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանն արդեն միջազգային խաղաղապահության ակտիվ ներդրող է


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը իր ելույթում ընդգծել է, մասնավորապես, որ չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:

«Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում», - ասել է նախագահը՝ մանրամասնելով․

«2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացրել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

«Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈւՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

«Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:

«Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG