Մատչելիության հղումներ

Պնդել, որ Մերի Մարգարյանը մահացել է թոքաբորբից, սխալ է․ փաստաբան


Մերի Մարգարյանը, արխիվ

Մերի Մարգարյանը, արխիվ

Ամռանը կեսարյան հատումից երկու օր անց հիվանդանոցում մահացած Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պնդել, որ Մերի Մարգարյանը մահացել է թոքաբորբից, սխալ է․ - «Թոքը եղել է ախտահարված: Ինչո՞ւ է ախտահարված եղել: Այլ օրգանի՞ց է այն ախտահարվել, թե՞ թոքերից է ախտահարվել օրգանիզմը, պարզ կլինի միայն հանձնաժողովային փորձաքննությունից հետո: Միևնույն ժամանակ, եթե «Շենգավիթում» պատշաճ հետազոտել էին, ո՞նց կարող էին չհայտնաբերել թոքի ախտահարվածությունը»:

Փաստաբանը փոխանցեց, որ Մերի Մարգարյանին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» են ուղարկել ոչ թե թոքի, այլ ուղեղի ախտահարում կասկածելով:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում հուլիսի 29-ին, որտեղ մահվանից երկու օր առաջ տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնից:

Համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` «անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը»: Հետագայում հրապարակվեցին նաև Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

«Մեղադրո՞ւմ եմ, թե՞ չէ՝ միանշանակ [մեղադրում եմ]: Ամսի 23-ից սկսած տաքություն ա ունեցել, 37.8, զանգահարել է ցերեկը բժշկին: Ինքը հեռախոսով տան պայմաններում դեղեր է նշանակել, պարացետամոլ և այլն: Ինքը պետք է հոսպիտալացներ: Այլ կարծիք չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, ով պնդում է, որ դուստրը մահացել է բժշկի անփութության հետևանքով:

Փաստաբան Մարինե Թովմասյանն էլ հավելեց, որ կա առողջապահության նախարարի հրաման՝ բարձր ջերմության դեպքում հղիին հոսպիտալացնելու մասին, մինչդեռ բժիշկը չի կատարել այդ հրամանը:

Վաղինակ Մարգարյանը և փաստաբան Մարինե Թովմասյանը այսօր ծանոթացան երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու քննիչի որոշմանը: Մարինե Թովմասյանը նշեց, որ որոշման մեջ 26 հարց է ներառված, որոնց պատասխանները ստանալուց հետո միայն կհստակեցվի մեղավորների շրջանակը: Մասնագիտական հանձնաժողովը այս հարցերին պատասխանելու է մոտ մեկ ամսվա ընթացքում: Փաստաբանը նշեց, որ միջնորդելու է, որպեսզի իրենք ևս մասնակցեն և հետևեն հանձնաժողովի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG