Մատչելիության հղումներ

«Յուվեցի Կարոյի» փեսային սպառնում է 9 տարվա ազատազրկում


Ոստիկանությունը աշխատում է «Վերնիսաժի» կրակոցների վայրում, 17-ը մայիսի, 2014թ.

Ոստիկանությունը աշխատում է «Վերնիսաժի» կրակոցների վայրում, 17-ը մայիսի, 2014թ.

«Յուվեցի Կարո» մականունով հայտնի պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային սպառնում է 9 տարվա ազատազրկում։ Մեղադրողն այս պատժաչափն է պահանջել «Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի համար։

Ըստ մեղադրանքի, նա ապօրինի ձեռք է բերել ու պահել «ՊՄ/Մակարով» տեսակի ատրճանակ, 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վտանգավոր վնասվածք է հասցրել Վալերի Հովհաննիսյանին ու Ներսես Մելքոնյանին։ Անուղղակի դիտավորությամբ էլ վիրավորել է երեք այլ անձանց՝ առողջության տևական քայքայումով։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանություններից, վկայակոչելով դատարանում իր պաշտպանական ճառը, որի ժամանակ դատարանին առաջարկել է վերաորակել մեղադրանքը։ Փաստաբանը պնդում է, որ կրակոցները խուլիգանական դրդապատճառներ չեն ունեցել, Գոռ Առաքելյանը այլ անձանց առողջությանը վնաս հասցրել է անզգուշությամբ, ինչը ենթադրում է ավելի կարճ պատժաչափ։

Մեղադրողն ազատազրկում է պահանջել նաև «Վերնիսաժի» գործով տուժողներից երկուսի համար. Գոռ Առաքելյանի կրակոցներից ծանր վիրավորված, որովայնի շրջանում արդեն երկու վիրահատության ենթարկված Վալերի Հովհաննիսյանին միջնորդել է դատապարտել 2.5, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են ավտոտնակի դարպասների մոտ վիճաբանության ժամանակ այլ անձանց ներկայությամբ Գոռ Առաքելյանին 5 րոպե շարունակ բարձրաձայն հայհոյելու, հարվածելու և թեթև մարմնական վնաս հասցնելու մեջ։ Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը վրդովված պնդում է, որ այս մեղադրանքները չեն ապացուցվել։

«Թող ապացուցեին։ Եթե Վալերի Հովհաննիսյանը նստած է եղել ավտոմեքենայի մեջ, դու դուռը բացել, կրակել ես՝ մի հատ՝ գոտկատեղից վերև, մի հատ՝ գոտկատեղից ներքև, դուրս է եկել, գնացել է, մի հատ էլ հետևից ես կրակել, ես չեմ հասկանում՝ էլ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը։ Քննիչը կեղծիքով տարավ, նույն կեղծիքը մեղադրողը շարունակեց»։

Մոր խոսքով, գործի վրա լույս կսփռեր իրենց՝ 65 հազար դոլար արժողությամբ BMW-X6 մակնիշի մեքենան, որը դեպքից հետո անհետացել է.- «Բոլորին՝ դատախազին, ոստիկանությանը դիմել եմ։ Տասն օր առաջ եմ նորից ոստիկանությանը դիմել, ոչ մի խոսք՝ չենք գտնում։ Էդ X6-ը էնպիսի կոորդինատներ ուներ, ամեն ինչ ցույց է տալիս՝ ով նստեց մեքենայի ղեկին, ով գնաց, ինչ կատարվեց, ո՞նց կարող են գողին չգտնել։ Մի հասարակ բջջայինը 5 րոպեում են գտնում, էդ X6-ը ասե՞ղ է, դեզի մեջ կորա՞վ։ Տղայիս երկու անգամ խփել են մեքենայի մեջ, դրա համար էլ թաքցրել են, հետքերն են թաքցնում։ Եթե մեքենան լիներ, իմ տղային նրանք չէին կարողանա կալանավորել, ամեն ինչ կապացուցվեր»։

Իսկ տուժողին մեղադրյալ դարձնելու նպատակը, մոր հավաստմամբ, «Յուվեցի Կարոյի» փեսայի արարքը մեղմացնելն էր։

Կրակոցներից վիրավորված ու կրկին խուլիգանության մեղադրանքով բանտարկված Ներսես Մելքոնյանն ու նրա պաշտպանը և՛ դատարանում, և՛ դատարանից դուրս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն գալիս ինչպես գործի, այնպես էլ Վալերի Հովհաննիսյանի ավտոմեքենայով հիվանդանոց գնալու՝ վերջինիս մոր պնդումների վերաբերյալ։

«Մենք ընդհանրապես ցուցմունք չենք տվել, հայտարարություններով հանդես չենք եկել, առարկություններ չենք ներկայացրել, ես անգամ պաշտպանական ճառով հանդես չեմ եկել։ Ներսես Մելքոնյանը չի ցանկանում»,- ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Պատգամավոր Կարո Կարապետյանը հրաժարվեց կարծիք հայտնել, թե որքանով են մեղադրանքն ու 9 տարվա ազատազրկման պահանջը համարժեք փեսայի արարքին՝ որոշումը թողնելով դատարանին։ Նախկին ԲՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների ամենալարված շրջանում «Բարգավաճ»-ից դուրս գալու դիմում գրեց՝ հայտարարելով, որ չի ցանկանում մասնակցել «ԲՀԿ-ի կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, ինչը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից»։ Հիմա էլ Կարապետյանը լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս նախագահին «Վերնիսաժի» գործով հանգիստ թողնել՝ ասելով.- «Նա շատ հիանալի անձնավորություն է, ամեն ինչ գիտի, և ամեն ինչ լավ կլինի»։

XS
SM
MD
LG