Մատչելիության հղումներ

Պաշտոնյաներն ու նրանց կանայք շարունակում են ճոխ նվիրատվություններ ստանալ անանուն անձանցից


ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյան, արխիվ

ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյան, արխիվ

Մի շարք ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների կանայք, ըստ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերի, անցած տարի տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ են ստացել՝ հիմնականում նվիրատվություն անանուն աղբյուրներից:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի գործազուրկ կինն, օրինակ, անցած տարի 19 միլիոն դրամի՝ մոտ 40 հազար դոլարի նվեր է վերցրել բնամթերքի տեսքով և ճիշտ այդքանով էլ բնակարան գնել: 2013-ին հայտարարագրած շուրջ 23 միլիոն դրամ կարողությունը բարձրաստիճան պաշտոնյայի կինն անցած տարի հասցրել է 24.5 միլիոնի կամ ավելի քան 50 հազար դոլարի՝ չնշելով ինչպես:

Ինքը՝ ԱԱԾ-ի ղեկավարը ևս շոշափելի ունեցվածքի տեր է. թեև նրա ողջ տարվա աշխատավարձը չի հասնում 10 միլիոն դրամի, այդուհանդերձ, պաշտոնյան անցած տարում հարստացել է ավելի քան 10 միլիոնով՝ կարողությունը հասցնելով 38.5 միլիոն դրամի:

Անցած ողջ տարվա ընթացքում համեստ կարողությունը չի ավելացրել ոստիկանապետը, տարեկան մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձից բացի Վլադիմիր Գասպարյանը ֆինանսական այլ մուտքեր չի հայտարարագրել՝ պահպանելով 2013 թվականին ունեցած 2000 դոլարն ու 2.5 միլիոն դրամը: Փոխարենը խոշոր գումարների հետ գործ ունի ոստիկանապետի կինը, որ տարեկան 3 միլիոն դրամ աշխատավարձով հասցրել է կուտակել 30 միլիոն դրամ, 18 հազար դոլար ու 24 հազար եվրո:

200 հազար դոլար էլ ունի Գևորգ Կոստանյանի կինը, ում տարեկան աշխատավարձը չի գերազանցում 3500 դոլարը: Կլորիկ այս գումարի ուղիղ կեսը՝ 100 հազար դոլարը գլխավոր դատախազի կինն անանուն աղբյուրից նվեր է ստացել 2011 թվականին, երբ ամուսինը նախագահի օգնականի ու կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց զինվորական դատախազի աթոռին: Ի դեպ, նույն տարում, Կոստանյանն ինքը ևս խոշոր նվեր կամ օգնություն է ստացել՝ 35 միլիոն դրամ, դարձյալ անանուն աղբյուրից:

Ողջ կյանքը զբաղեցնելով միայն պետական պաշտոններ՝ 38-ամյա Կոստանյանն անցած տարվա դրությամբ ունի 82 միլիոն դրամ՝ ավելի քան 170 հազար դոլար, այն դեպքում, երբ տարեկան հազիվ 20 հազար դոլար աշխատավարձ է ստանում: Ընդ որում, սա դեռ առանց պաշտոնյաների հայտարարագրած մեքենաների ու բնակարանների, որոնք տարվա ընթացքում հաճախ վաճառվում ու գնվում են:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերի մասին մամուլի հրապարակումները արդեն իսկ բավական են, որ քրեական գործեր հարուցվեն։

«Գոնե մեկ դեպք, որ այո՛, ապօրինի հարստացման դեպքը դարձել է հանրային քննարկման առարկա և հանգեցրել է քրեական գործի հարուցման, ցավոք սրտի, չի եղել»,- շեշտում է նա։

Ինչպես Շուշան Դոյդյոյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից էլ դժգոհություն հայտնեցին, թե նախագահականում գործող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ինքը կարող է կարող է հարցականի տակ դնել կոռուպցիոն ռիսկերը, նյութեր փոխանցել իրավապահներին՝ սեփական նախաձեռնությամբ, աշխատելու ցանկություն, սակայն, կենտրոնում չեն տեսնում։

«Առաջին իսկ հայացքից զարմանք են առաջացնում, թե էդ ո՞վ է եղել էն լավ բարերարը, որ նրան մի քանի միլիոնի նվեր է տվել։ Բայց, ցավոք, էթիկայի հանձնաժողովը միայն մեխանիկական գործ է անում՝ ստանում է և դրանք հրապարակում, հասանելի դարձնում հասարակության համար։ Մնացածը թողնում է քաղհասարկությանը՝ ժուռնալիստներ, գնացե՛ք այդ տեղեկատվությունը մարսեք, որը խիստ վատ պրակտիկա է»,- շեշտում է Շուշան Դոյդոյանը։

XS
SM
MD
LG