Մատչելիության հղումներ

Կատալոնական ընտրությունների արդյունքները՝ քաղաքական հնարավոր ճգնաժամի սկիզբ


Կատալոնացիները տոնում են ընտրություններում տարած հաղթանակը, 27-ը սեպտեմբերի, 2015թ․

Կատալոնացիները տոնում են ընտրություններում տարած հաղթանակը, 27-ը սեպտեմբերի, 2015թ․

Կատալոնիայի անկախացման կողմնակիցները տոնում են տեղական ինքնակառավարման ընտրություններում տարած հաղթանակը:

Ինքնավար համայնքի իշխանությունները երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են Մադրիդից անկախանալու «առաջին քայլը», ինչը հնարավորություն կտա ուրվագծել Իսպանիայից անկախանալու ճանապարհային քարտեզը, որը շրջանի կառավարությունը մտադիր է կյանքի կոչել արդեն 2017 թվականին: Մադրիդը, մինչդեռ, պնդում է, որ թույլ չի տա պառակտել երկիրը:

«Միասին՝ կողմ» կարգախոսով ընտրություններին մասնակցած անկախական կոալիցիան ստացել է 135 խորհրդարանական մանդատներից 62-ը: Անկախության կողմնակից մեկ այլ կուսակցություն՝ ձախակողմյան «Ժողովրդական միասնության թեկնածու» քաղաքական միավորումը, ստացել է 10 մանդատ:

Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը, վկայակոչելով այս արդյունքները, համոզմունք է հայտնել, որ շրջանի բնակչությունը հերթական անգամ կողմ է քվեարկել Իսպանիայից անկախանալուն:

«Մենք հաղթել ենք: Կատալոնացիներն «այո» են ասել անկախությանը», - հայտարարել է վարչապետ Մասը՝ Բարսելոնայում համակիրների հետ հանդիպման ժամանակ:

Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիների դժգոհության պատճառն այն է, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով:

Հարցումների արդյունքները վկայում են, որ կատալոնացիների մեծամասնությունը կողմ է անկախության հանրաքվե անցկացնելուն, սակայն հարցին, թե իսկապե՞ս արժե Մադրիդից անկախանալ, ձայները կիսվում են:

Կիրակի օրվա ընտրություններին, որը փորձագետները բնորոշել են որպես գաղտնի հանրաքվե, արձանագրվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն՝ շուրջ 76 տոկոս: Մադրիդը բազմիցս է խոստովանել, որ Բարսելոնայի անկախացումը բացասաբար կազդի ամբողջ երկրի վրա, և պնդել, որ Կատալոնիայի անկախացման մասին հնարավոր հանրաքվեին պետք է մասնակցի ամբողջ Իսպանիայի բնակչությունը:

Անջատականների գործողություններին Իսպանիայի կառավարությունն առայժմ իրավական լծակներով է սպառնում․ ըստ Իսպանիայի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իրավունք ունի չեղյալ հայտարարել անկախության հռչակումն ու անջատականության մեղադրանքով պատասխանատվության ենթարկել ցանկացած անձի, այդ թվում՝ անձեռնմխելիություն ունեցող:

Միասնականությունը պահպանելու՝ իսպանական իշխանությունների մյուս միջոցը տեղական ինքնակառավարման չեղարկումն ու Մադրիդից ուղղակի կառավարումն է:

XS
SM
MD
LG