Մատչելիության հղումներ

Շուրջ 60 երկրների առաջնորդներ Նյու Յորքում կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին


ԱՄՆ - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.
ԱՄՆ - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.

Նստաշրջանի առանցքային հարցը լինելու է Սիրիան։

Աշխարհի առաջնորդները Նյու Յորքում են՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին։

60 երկրների առաջնորդների, նախագահների, վարչապետների հավաքը տեղի է ունենում մի ժամանակում, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բնութագրեց որպես ցնցումների և հույսերի ժամանակաշրջան։

Նստաշրջանի առանցքային հարցը լինելու է Սիրիան. աշխարհի առաջնորդները ձգտում են վերջ տալ Սիրիայի հակամարտությանը, որն արդեն 200 հազար մարդու կյանք է խլել, իսկ միլիոնավոր մարդկանց փախստական դարձրել, հարյուր հազարավորները հասնելով Եվրոպա՝ խնդիրներ են առաջացրել Եվրամիության երկրներում։

Այսօրվա նիստում ելույթ են ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վերջին տասը տարվա մեջ սա Ռուսաստանի նախագահի առաջին մասնակցությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Ակնկալվում է, որ նրա ելույթի առանցքային հարցը լինելու է իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարը Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Սիրիայում, որտեղ Ռուսաստանը վերջին շաբաթներին ընդլայնել է իր ռազմական ներկայությունը՝ առաջացնելով Միացյալ Նահանգների մտահոգությունը։

Նյու Յորք մեկնելու նախաշեմին CBS-ին տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում զորքեր ուղարկել Սիրիա, բայց կշարունակի ռազմական աջակցությունը Սիրիայի իշխանություններին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբամայի ելույթին ընդառաջ վերլուծաբաններն ակնկալում են, որ նա քննադատելու է Ռուսաստանին Սիրիայի և Ուկրաինայի արևելյան շրջանների իրավիճակի համար։ Մոսկվան մեղադրվում է ռուս անջատականներին ուղիղ օգնություն ցուցաբերելու համար, ինչը Կրեմլը հերքում է։

Այսօր Օբաման և Պուտինը նաև երկկողմ հանդիպում են ունենալու։ Վերջին անգամ նրանք երկկողմ բանակցություններ են ունեցել 2013 թվականին։ Այն ժամանակ ևս հիմնականում քննարկվել էր Սիրիայի խնդիրը։

Այսօր ելույթ է ունենալու նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Երեկ Ռոհանին ասել է, որ ծայրահեղական գրոհայինների դեմ պայքարն ամենաառաջնահերթ հարցն է, և եթե նրանց նկատմամբ հաղթանակի հասնեն, ապա Ասադի իշխանությունը չի կարող թուլանալ։

Նա ասել է, թե Ասադի տապալումով Սիրիան կվերածվի ծայրահեղականության ապաստանի։ «Սա չի նշանակում, թե Սիրիայի կառավարությունը բարեփոխումների կարիք չունի, իհարկե, բարեփոխումները պետք է լինեն», - կիրակի օրը Նյու Յորքում փորձագետների և լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռոհանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG