Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր խորհուրդ․ «Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարը»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Ի դեմս Ադրբեջանի՝ միջազգային հանրությունը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու և սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը՝ վկայակոչելով ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված Լեռնային Ղարաբաղի զինվորական ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետևանքով անցած շաբաթ զոհվեցին խաղաղ բնակիչներ և զինծառայողներ:

«Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ», - ընդգծում է խորհուրդը՝ շարունակելով․ - «Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը»:

«Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու և իր խանական լծի տակ դնելու ալիևյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետևից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար», - ասված է հայտարարությունում:

«Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին և կիսում հարազատների վիշտը: Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին», - հայտարարում էՀայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG