Մատչելիության հղումներ

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները


Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումներից, արխիվ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումներից, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Հանդիպմանը բարձր են գնահատվել երկու հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, կարևորվել են համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։

Ախտարը Նալբանդյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած խնդիրներին, քննարկվել են UN ESCAP-ի և Հայաստանի միջև գործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջազգային համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, մի շարք տարածաշրջանային և միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG