Մատչելիության հղումներ

logo-print

Ամիր Օր. Գրողի դերը հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների մասին խոսելն է


«Գրական տապանի» շրջանակներում առաջին անգամ Հայաստանում է գտնվում բանաստեղծ Ամիր Օրը՝ Իսրայելից։

«Ազատության» հարցին՝ արդյոք մեր օրերում գրողների առաքելությունը նաև պատերազմների, բռնության ու ահաբեկչության կանխարգելումը չէ՞, բանաստեղծը պատասխանեց, որ թե՛ ինքը, թե՛ իր գործընկերներն իրենց ստեղծագործությամբ փորձում են նպաստել խաղաղությանը։ «Բայց Գազայի պրոբլեմը դեռ լուծում չի ստացել։ Գրողի դերը հենց հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների մասին խոսելն է», - ասաց Ամիր Օրը՝ հավելելով. - «Այդ մասին ես իմ ստեղծագործություններով անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում եմ պահում ամենակարևոր խնդիրները, ոչ միայն ես՝ նաև իմ ընկերները։ Մենք հաճախ ենք հանդիպում՝ հրեա և արաբ բանաստեղծներս։ Հանդիպում ենք, շփվում ենք միմյանց հետ, քննարկումներ ենք ունենում, կարդում մեկմեկու գործերը, և դա արդեն լավ է ու այս կամ այն չափով արդեն իսկ նպաստում է հարաբերությունների բարիդրացիական ընթացքին»։

Նա ընդգծեց՝ «գրողները կատարում են իրենց առաքելությունը»։ «Ինչպե՞ս Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն այդքան արագ կտարածվեր աշխարհում, եթե Ֆրանց Վերֆելը չգրեր «Մուսա լեռան 40 օրը»։ Գրողի կամ բանաստեղծի արածը նման չէ լրագրային հոդվածի։ Այն անմիջապես մոռացվում է՝ լրագրային հոդվածը, իսկ գրողի հաջողված գործը ներթափանցում է մարդու գիտակցության և հոգու խորքն ու կարող է անգամ վերափոխել մարդուն», - ասաց բանաստեղծը։

Ծագումով լիբանանահայ, բայց վերջին տարիներին Երևանում բնակվող բանաստեղծ Սաքո Արեյանի խոսքով, Հայաստանի դիրքը տարածաշրջանում այնպիսին է, որ շուրջը միայն արյուն է, մահ, ավեր։ «Հայ գրողը, Հայաստանի գրողը աշխարհին ասելիք ունի, և իր գործընկերների հետ՝ լինեն արաբներ, հրեաներ, Եվրոպայի տարբեր երկրներից այստեղ ժամանած հայտնի անուններ, միասին դարձյալ հիշեցնելու, որ ամենագերագույն արժեքները արդարությունն ու խաղաղությունն են։ Եվ մենք՝ որպես ցեղասպանված ժողովուրդ, այդ առումով բավական մեծ պատգամներ ունենք տալու ամբողջ աշխարհին, որովհետև այսօրվա դրությունը, որ կա աշխարհի մեջ, այս տագնապները, որ կան՝ դրանց արմատը չարն է, անարդարությունն է, աղքատությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք», - ասաց Արեյանը։

XS
SM
MD
LG