Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել


Հայ զինվորները մարտական հենակետում, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում, արխիվ

Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում անցած օրերի լարվածությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նշում է, որ սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 300 կրակոց:

«Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում անցած գիշերը համեմատաբար խաղաղ է անցել:

Աղեկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ երկու օր առաջ հակառակորդի կողմից վիրավորված զինվորներն ապաքինվում են, 16 վիրավորներից հինգը երեկ տեղափոխվել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նրանց վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:

Երեկ հոսպիտալի շենքի առջև էին հավաքվել Ղարաբաղից Երևան տեղափոխված վիրավոր զինվորների հարազատները, նրանք անհանգիստ շրջում էին հոսպիտալի տարածքում, սպասում բժիշկների պատասխաններին:

Ղարաբաղում վիրավորված զինվոր Արման Ստեփանյանի հարազատներին բժիշկները հավաստիացրել էին, որ զինվորի ծունկն է վնասվել, շուտով վիրահատելու են: Զինվորի մայրը որդուն դեռ չէր տեսել: «Չեն թողնում մտնենք ներս, բայց ասել են՝ նորմալ է, վիրահատելու են», - ասաց զինվորի մայրը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով զոհվել էր չորս հայ զինվոր, 16-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները դատապարտել են Ադրբեջանին հրադադարի պահպանման ռեժիմը հերթկան անգամ խախտելու համար: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմները:

Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, իսկ ադրբեջանական կողմը հայտարարել է, «թե այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահները, և չի արդարացնելու օկուպացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG