Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Երեկ Հայաստանի արտգործնախարար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։

Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։

Երեկ Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ երկրների արտգործնախարարների՝ Սենեգալի նախագահության կողմից կազմակերպած հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, անդրադառնալով երկու շաբաթից Երևանում մեկնարկող ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը և նշել, որ Հայաստանը ուրախ է հյուրընկալելու նման հեղինակավոր և ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, հակամարտությունների կարգավորմանը, անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարին, վերջին շրջանում մեծ թափ ստացած միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրներին, Փարիզում այս տարվա վերջին կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին։

Ընդգծելով, որ Երևանում կայանալիք արտգործնախարարների համաժողովին սպասվում է շուրջ 80 անդամ և դիտորդ պատվիրակությունների մասնակցություն՝ Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդման և միջազգային բեմահարթակում նրա դերակատարության բարձրացման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG