Մատչելիության հղումներ

Վարչական դատարանի վճիռը՝ հօգուտ վանաձորցի ակտիվիստի


Վանաձորցի ակտիվիստ Արտաշես Սերգոյանը, 26-ը սեպտեմբերի, 2015թ.
Վանաձորցի ակտիվիստ Արտաշես Սերգոյանը, 26-ը սեպտեմբերի, 2015թ.

Արտաշես Սերգոյանը, սակայն, թերահավատ է, որ Հայաստանում նմանատիպ վճիռները կօգնեն խաղաղ ցույցերի ու հավաքների անարգել անցկացմանը։

Վարչական դատարանը համարել է, որ վանաձորցի ակտիվիստ Արտաշես Սերգոյանը մեկուկես տարի առաջ օրենք չի խախտել, երբ Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ մի քանի այլ ակտիվիստների և զոհված զինծառայողների ծնողների հետ փորձել է Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնել։

Այդ օրը ակտիվիստները փորձել էին պաստառներ պարզել՝ Օպերայում տոնական համերգին մասնակցող երկրի ղեկավարությանը հիշեցնելու հայկական բանակում առկա խնդիրները։ «Ու նաև զոհված զին ծառայողների մայրերը ուզում էին իրենց խոսքը բարձրացնեն ու հստակ հարց էին դնում՝ ինչո՞ւ իրենք չեն հրավիրվել էդ միջոցառմանը, որովհետև իրենք երեխա են կորցրել նույն էդ բանակի համար, նույն էդ հայրենիքի համար։ Ու հավանաբար էդ էր պատճառը, որ ոստիկանությունը խոչընդոտեց մայրերի մուտքը Օպերայի հրապարակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերգոյանը։

Ակտիվիստը, որ նաև Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության անդամ է, համոզված է, որ ակցիայի ժամանակ իրենք չեն խոչընդոտել պաշտոնյաների մուտքը Օպերայի շենք։ Դա նաև դատարանն է ապացուցված համարել։ Մինչդեռ ոստիկանները պահանջել էին հեռանալ հրապարակից, հետո բաժին տարել՝ չենթարկվելու համար։

«Ուղղակի երեք ժամ պահեցին, արձանագրություն կազմեցին ու բաց թողեցին, բայց դրանով արդեն խոչընդոտեցին ու խափանեցին մեր ամբողջ ցույցի նպատակը», - պատմեց Սերգոյանը։

Դատարանը որոշել է, որ ակտիվիստի գործողությունները եղել են իրավաչափ, և որ նրա՝ խաղաղ ցույցեր ու հավաքներ անցկացնելու իրավունքը գերակա է հասարակական կարգը պահպանելու՝ ոստիկանների պահանջների նկատմամբ։

Փաստաբան Կարեն Թումանյանը, ով դատարանում պաշտպանել է ակտիվիստի շահերը, մեկ տարի տևած դատաքննությունից հետո ի օգուտ ակտիվիստի կայացված այս վճիռը համարում է հաղթանակ, որի համար մեծ նշանակություն են ունեցել վերջին տարիներին Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած նախադեպային վճիռները։

Ստրասբուրգյան դատարանը արժևորում է խաղաղ ցույցեր և հավաքներ անցկացնելու ազատությունը, անգամ եթե այդ հավաքների ժամանակ որոշ իրավախախտումներ են արձանագրվել, ասում է Կարեն Թումանյանը։ «Այսինքն, թեկուզև ակցիայի մասնակիցը որոշակի արտահայտություններ է արել, որը իշխանության ներկայացուցչին, օրինակ, վիրավորել է, բայց ինքը հանրահավաք իրականացնելու ժամանակ, ցույցերի ժամանակ, էդ արտահայտությունը կապված է եղել այդ իրավունքի իրացման հետ, և անհրաժեշտություն չկա նրան բերման ենթարկելու։ Մի քանի գործեր կան Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ», - նշեց փաստաբանը։

Արտաշես Սերգոյանը, սակայն, թերահավատ է, որ Հայաստանում նմանատիպ վճիռները կօգնեն խաղաղ ցույցերի ու հավաքների անարգել կայացմանը։ «Համոզված չեմ, որ եթե նման գործ ուրիշ հանգամանքներում լիներ, դատարանը նույն վճիռը կկայացներ։ Կարող ա գտավ, որ այս որոշումը մեծ հաշվով չի հակասում իշխանական էլիտայի շահերին, ինչ-որ խոչընդոտող բան չկա, լավ, էս էլ թող լինի, որ Արտաշես Սերգոյանի գործողությունները իրավաչափ են եղել, որովհետև մենք էլ ցույց տալու բան կունենանք ու կարանք ասենք, որ, տեսեք, մեր դատարանը նաև ի օգուտ ակտիվիստների է վճիռ կայացնում։ Բայց հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ անկեղծ մենք էս դատը շահել ենք», - ասաց ակտիվիստը։

Արտաշես Սերգոյանի հետ մեկուկես տարի առաջ ոստիկանություն բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիների նկատմամբ ևս վարչական վարույթ է հարուցվել, և դատարանը դարձյալ ի օգուտ ակտիվիստների է վճիռներ կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG