Մատչելիության հղումներ

Նախաձեռնվել է ստորագրահավաք՝ «Էրեբունի Երևան»- ի տոնական ծախսերը սահմանի կարիքներին ուղղելու պահանջով


Տեսարան «Էրեբունի Երևան» տոնակատարությունից, 2014թ․

Տեսարան «Էրեբունի Երևան» տոնակատարությունից, 2014թ․

Երևանի քաղաքապետարանից, մինչդեռ, հակադարձում են՝ մայրաքաղաքի տոնը նշելն իրենց պարտականությունն է։

Հարյուրավոր քաղաքացիներ առցանց ստորագրահավաքով դիմում են Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի Երևան» տոնակատարության համար ծախսվելիք գումարն ուղղել սահմանային գյուղերից մեկի հրատապ կարիքները հոգալուն։

Ստորագրահավաքը նախաձեռնած Լևոն Զաքարյանը վստահ է՝ երևանցիների մեծ մասը կհամաձայնի զրկվել տոնախմբությունից՝ հանուն ամեն օր կրակահերթերի տակ ապրող մարդկանց։

«Բոլորին քաջ հայտնի է էս տարի ինչքան դժվարություններ կան սահմանին, ու գոնե թող էս տարի մենք՝ երևանցիներս օգտակար լինենք ոչ միայն «Ֆեյսբուքում» գրառումներ անելով, թե գնանք Ադրբեջանի կեսը գրավենք, այլ փորձենք ուղղակի մի փոքր օգնենք սահմանամերձ շրջաններին»,- ասում է Զաքարյանը:

Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծախսերի մասին դեռ ոչինչ չի հաղորդել: Անցած տարի «Էրեբունի Երևան» տոնակատարության համար ծախսվել է 180 միլիոն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 380 հազար դոլար), որի մեծ մասը՝ համայնքային բյուջեից: Քաղաքային իշխանությունների խոսքով, սակայն, իրենց աջակցել են նաև այլ կազմակերպություններ։

Ըստ այդմ, միայն հրավառություններին 2014թ․ հատկացվել է 3.5 միլիոն դրամ, Էրեբունի ամրոցի մոտ անցկացված թատերականացված համերգային միջոցառմանը՝ մոտ 11 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգին՝ 45 միլիոն դրամ։

Ակտիվիստ Լևոն Զաքարյանը կարծում է, որ մի քանի հազար քաղաքացիներ, որպես հարկատուներ, իրավունք ունեն պահանջելու, որ քաղաքապետարանը շռայլությունների փոխարեն օգնի սահմանամերձ գյուղերին։

«Չենք խնդրում, պահանջում ենք, որ չենք ուզում լինի տոնակատարություն Երևանում, չէ որ դա մեր գումարն է, մենք ուզում ենք էս անգամ, որ էդ գումարներն ուղղեք սահմանամերձ գյուղերի հարցերի լուծմանը»,- շարունակում է ակտիվիստը:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը նման պահանջով և՛ անցյալ տարի, և՛ այս տարի դիմել է Երևանի քաղաքապետին։ Անցյալ տարի քաղաքային իշխանությունները մերժել էին նրա առաջարկը: Այս տարի պատասխան դեռ չի ստացել, բայց վստահ է՝ եթե Տարոն Մարգարյանը հարցնի ավագանու կարծիքը, բոլորը կողմ կլինեն։

Հայաստանում որոշ սահմանամերձ համայնքներում միջոցների սղության պատճառով անգամ մանկապարտեզներ չեն գործում, որոշ գյուղերում դպրոցները ջեռուցում չունեն, մյուսներում նորմալ ջրագծեր չկան, հիշեցնում է Անահիտ Բախշյանը։ «Գլխարկներ, շապիկներ, չգիտեմ՝ հազար ու մի բան են անում, դրա կարիքը չկա, ինչի՞ ա դա պետք․․․»,- հարց է տալիս Բախշյանը:

Ստորագրահավաք նախաձեռնած ակտիվիստներն իրենց դիմումը քաղաքապետարան կներկայացնեն առաջիկա օրերին, իսկ մինչ այդ՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քաղաքային իշխանությունները մտադրություն չունեն բավարարել ավագանու անդամի հիշյալ դիմումը՝ պատճառաբանելով, որ քաղաքի տոնը նշելն իրենց պարտականությունն է ։

«Վերմակիդ գյորա պետք է նշես»,- ի պատասխան, պատկերավորում է Անահիտ Բախշյանը:

XS
SM
MD
LG