Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Մամեդյարովի հետ


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումներից, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումներից, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Մինսկի խմբի միջնորդների առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։

Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասել է. - «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։

Այնուհետև եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ Նալբանդյանն ասել է. - «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»։

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին»,- ընդգծել է Նալբանդյանը։

Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտել են, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG