Մատչելիության հղումներ

Լրագրողների դեմ բռնությունները կքննի նորաստեղծ քննչական խումբը


Ոստիկանները բերման են ենթարկում «Պանարմենիան»-ի ֆոտոլրագրողին, 23-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանները բերման են ենթարկում «Պանարմենիան»-ի ֆոտոլրագրողին, 23-ը հունիսի, 2015թ.

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններից երեք ամիս անց նոր քննիչներ են ներգրավվում գործում։

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Գևորգ Կոստանյանը Հատուկ քննչական ծառայությանը ցուցում է տվել քննչական խումբ ձևավորելու մասին՝ լրագրողների դեմ ոտնձգությունների փաստով հարուցված քրեական գործը «արդյունավետ քննելու համար»։

Բանն այն է, որ 24 տուժած լրագրող և տասնյակ վկաներ ներգրաված այս գործը մինչ այժմ քննում էր ընդամենը մեկ քննիչ՝ այն դեպքում, երբ ցուցարարների դեմ հարուցված «խուլիգանության» գործով ի սկզբանե զբաղվում է շուրջ 50 քննիչներից բաղկացած խումբ։ Ուստի լրագրողական կազմակերպությունների վրդովմունքն ու հնչեցրած մեղադրանքները դարձան գլխավոր դատախազի այս որոշման առիթը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «շատ կարևոր» է համարում նոր քննչական խմբի ձևավորումը. - «Ինչպես կաշխատի այդ քննչական խումբը, մենք կտեսնենք, ուշի ուշով հետևելու ենք և մեր գնահատականը ապագայում կտանք»։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը ցրելու ընթացքում հարձակման էին ենթարկվել տասնյակ լրագրողներ, օպերատորներ ու լուսանկարիչներ։ Քաղաքացիական հագուստներով ոստիկաններն ու «կարմիրբերետավորները» կոտրել էին նրանց տեսախցիկները, լուսանկարչական սարքերը, առգրավել հիշողության քարտերը։ 237 քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների, բերման էին ենթարկել։ Տեսանյութերում հստակ երևում են ցույցը ցրող և քաղաքացիներին ոստիկանական բաժիններ տեղափոխող ոստիկանների գործողությունները։ Ինչպես բռնության ենթարկվող ցուցարարներին, այնպես էլ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին օպերատորներից մեկից խցիկը խլելիս ու գետնին նետելիս նկարահանած լրագրողներից մեկի՝ «Իլուր» կայքի թղթակից Հակոբ Կարապետյանի համար «տարակուսելի» է երեք ամիս հետո քննչական խումբ ձևավորելը։

«Դասականի խոսքով ասած՝ այս գործը ուչաստկովիի մակարդակի գործ է, և առնվազն այդ հրաման տվողներին շատ հեշտությամբ կարելի էր հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ ինքը հարցաքննության ժամանակ տվել է փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանի, Լևոն Երանոսյանի անունները, բայց նրանք շարունակում են անարգել պաշտոնավարել։

«Մարզպետին պաշտոնանկ են անում անմիջապես մարդասպանությունից հետո, գուցե պետք է համարժեք ինչ-որ մի դեպք էլ ոստիկանապետի տեղակալի հետ կապված լինի։ 24 լրագրողների դեմ բռնությունը միգուցե բավարար չէ, որ ոստիկանապետի տեղակալին պաշտոնանկ անեն»,- ասաց լրագրողը։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հեգնանքով է արձագանքում նոր քննչական խմբի ձևավորմանը.- «Երանոսյանը, Վովա Գասպարյանը, Օսիպյանը՝ ակնհայտորեն այս եռյակը պիտի պատասխանատվության ենթարկվեին արդեն։ Իրենք են այդ ոստիկանական հրոսակների գերագույն գլխավորները, իրենցից վերև մեկն էլ կա՝ Բաղրամյան 26-ում է նստում։ Բայց հատկապես այդ երեքն են եղել, որոնք տիրապետել են իրադրությանը, կոնկրետ հրամաններ են տվել և՛ ցույցը ցրելու, և՛ լրագրողներին հալածելու, հետապնդելու, և մարդիկ երեք ամիս է բացահայտում են, հիմա գտել են, որ ռեսուրսները քիչ են, նոր մարդիկ են ավելացնում, երևի չորս ամիս հետո ևս մի քննիչ կավելացնեն։ Մի խոսքով՝ մինչև 2020-25 թիվը Կոստանյանը կավարտի այս հետաքննությունը»։

Իսկ թե ինչու է լրագրողների դեմ ոտնձգությունները քննելիս սովորաբար փակուղային իրավիճակ ստեղծվում, Բարսեղյանն ասաց.- «Լրագրողների դեմ ոտնձգությունները իրականացվում են հենց ոստիկանության հրամանով, ոստիկաններն են արել այդ հանցագործությունները։ Բացահայտել, ինչ-որ մեկին պատժել՝ նշանակում է կոտրել իրենց խոսքի ուժը։ Հետագայում այլևս չեն կարողանալու նման հրամաններ տալ կամ կտան նման հրամաններ, բայց կատարող չի լինի, կասեն՝ «էն անգամ հիշո՞ւմ եք, որ հրամայեցիք, մենք տփեցինք, ծեծեցինք, ջարդեցինք տեսախցիկները, չիպերը խլեցինք, բռնեցիք դատեցիք մեզ, հիմա որ նոր հրամանը տալիս եք, էդ ո՞վ է կատարողը»։ Շատ էլեմենտար բան է սա, խորունկ պատճառներ պետք չէ փնտրել։ Գործ հարուցելով ձև են անում»։

XS
SM
MD
LG