Մատչելիության հղումներ

Բերդավանը սգում է համագյուղացիների մահը


Ադրբեջանական կողմի հրետակոծություններից տուժած տուն Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում, արխիվ

Ադրբեջանական կողմի հրետակոծություններից տուժած տուն Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում, արխիվ

Հակառակորդի մշտական ու սովորական դարձած կրակահերթերի տակ «մեծացած, աշխատած ու հարսանիք արած» բերդավանցիները վերջին հրետակոծություններն աննախադեպ են համարում:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները շվարած են։ 1992 թվականից հետո այսպիսի ուժգին հրետակոծություն չէին տեսել։ Այսօր գյուղում սգում են նախօրեին հակառակորդի կրակից զոհված երկու համագյուղացիների՝ 94-ամյա Շուշան Ասատրյանի և 41-ամյա Սոնա Ռևազյանի համար։

Գյուղացիները պատմում են, որ անցած տարիներին իրենց տներից ընդամենը 1-2 կիլոմետր հեռավորությամբ գտնվող սահմանին լսվող կրակոցներն արդեն սովորական էին դարձել։ Այդ ձայների տակ դպրոց են գնացել, այգի մշակել ու հարսանիք արել։ Բայց երեկ երեկոյան գյուղի հրետակոծությունը աննախադեպ էր վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։

«Մինամյոտով-բանով խփում են, հա, բայց դե զոհ չի էլել։ Էս արդեն սարսափելի ա էլի»,- ասում է գյուղացիներից մեկը։

Արփիկ Մարալչյանի 94-ամյա մայրը երեկ երեկոյան իր մետաղաթիթեղից պատրաստված տնակում է մահացել՝ ականի պայթյունից։ Ականը տնակն ամբողջովին ավերակի է վերածել։ Արփիկը, որ խնամում էր ծեր մորը, սրունքի բեկորային վնասվածք է ստացել։ Ասում է՝ հրաշքով է փրկվել։

«Ոչ մի բան չենք զգացել, մի վարկյանում երևի էդքանը կատարվեց, ծուխը կապեց ու մթնեց․․․»,- պատմում է Արփիկ Մարալչյանը:

Նրա եղբայրը՝ Ավագը, հարևան տանն է ապրում, այդ ամենի ականատեսն է եղել ու զգացել տեղի ունեցածի ողջ սարսափը։ «Դուրս եկա տեսա՝ քույրս վիրավոր ա (լաց է լինում), ասաց՝ պրծի գնա, տես մաման ոնց ա, էկա տեսա, որ մաման չկա, մահացել ա»:

Կեսօրին գյուղապետարանի ներկայացուցիչներն արդեն շրջել էին 3500 բնակիչ ունեցող գյուղում և արձանագրել վնասները: Երկու զոհերից ու երկու վիրավորներից բացի նաև վնասված շինություններ կան՝ տասը տուն վնասվել է։ Գնդակոծվել է նաև գյուղի կենտրոնը, որտեղ գործում են մշակույթի տունը, երաժշտական դպրոցն ու կենցաղի տունը։ Կոտրվել են ապակիներ, վնասվել են պատերն ու վերջերս վերանորոգված մշակույթի տան աստիճանահարթակը։

1992 թվականից ի վեր Բերդավանում երբևէ ուսումնական ժամին չէին կողպել դպրոցի դռները։ Մոտ 400 աշակերտ ունեցող դպրոցում այսօր միայն ուսուցիչներն են եղել, ոչ մի երեխա դպրոց ոտք չի դրել։ Ստիպված են եղել փակել դպրոցի դռներն ու տուն գնալ։

Բազմազավակ ընտանիքների տների դռները ևս կողպված էին։ Գյուղացիներն ասացին, որ տարհանել են երեխաներին՝ վտանգից խուսափելու համար։

«Հա, ասում ենք, մնանք, մեր գյուղը պահենք, բայց մինչև ե՞րբ»։ «Մենք արդեն մեծ մարդիկ ենք, մեզ սպանեն էլ կարևոր չի, բայց երեխեքը, կրակոցի տակ, ինչ ստրեսի վիճակում են գտնվում։ Նախագահը գնում ա մանկապարտեզներ միջոցառումների, էս ա անում, էն ա անում, բայց մտածում ա՞ ստեղի երեխեքի մասին, թե ինչ պտի անեն», - դժգոհում են գյուղացիները։

Սահմանային գոտու բնակիչները ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ամեն հանդիպումից ու հնչած հայտարարությունից ուզում են գոնե մի լավ լուր լսել։ Սրտատրոփ սպասում են, որ այս անգամ գոնե սայլը տեղից կշարժվի: Գյուղապետ Արարատ Գաբրիելյանի խոսքով, սակայն, տարիների հետ հույսը մարում է։

«Անկեղծ որ ասեմ, էս պահին ես ինքս չէմ էլ հավատում, որ բանակցությունների միջոցով էս ամեն ինչը կարող է կարգավորվել»,- ասում է գյուղապետը:

Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում։ Վերջին օրերի գնդակոծությունների պատճառով բերքը չեն հավաքում։

Երեկվա հրետակոծության ժամանակ, ի դեպ, գյուղնախարարը Բերդավանում է եղել։ Գինու գործարանի մոտ քննարկելիս են եղել խաղողի իրացման հնարավորությունները: Նախարարը, սակայն, գյուղացիների խոսքով, զրույցը կիսատ է թողել ու «փախել»։

«Էկավ գործարանը, որ պտի ասեր խաղողն ընդունում են, պայմաններն ասեր, հենց էդ կրակոցը իմացավ, թողեց փախավ»:

Մինչ գյուղապետարանում «վերևների» հետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բերքը, ամենայն հավանականությամբ, կմնա արտերում: Գյուղացիները չեն կարծում, թե հակառակորդի ուժգին կրակոցների տակ մեկնումեկը խաղողի այգի կմտնի։

XS
SM
MD
LG