Մատչելիության հղումներ

Արարատի խաղողագործներն այսօր փակել էին Երևան-Երասխ ճանապարհը


Խաղողագործների նախորդ ցույցերից մեկը, արխիվ
Խաղողագործների նախորդ ցույցերից մեկը, արխիվ

Արարատի խաղողագործներն այսօր խաղողով բեռնված մոտ տասը մեքենայով փակեցին Երևան-Երասխ ավտոճանապարհը։

Նրանց խոսքով, բերքը մնացել է դաշտերում, գործարանները խաղող չեն մթերում։ Նրանք պահանջեցին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ գա և իրենց խնդրին լուծում տա։

Այցելելով ցուցարարներին՝ վարչապետը խոստացավ, որ ողջ բերքը մթերվելու է, իսկ խաղողով բեռնված մեքենաների վարորդներին հորդորեց բերքն այսօր տանել Մխչյանում գործող գինու գործարան։

Խաղողագործները վարչապետի խոստումը «փափուկ բարձ» որակեցին՝ նշելով, որ նպատակը միայն ճանապարհ բացելն է։ Սակայն խոստացան՝ մի քանի օր կսպասեն վարչապետի խոստումների իրականացմանը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետը գյուղնախարարից հետաքրքրվեց խաղողի մթերման գործընթացով։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հաղորդեց. - «Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Սակայն բոլորի կողմից [գործարանների] կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30 տոկոսով: Մենք 15-20 տոկոսի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»։

Վարչապետն իր հերթին նշեց. - «Խնդրում եմ, իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք, և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG