Մատչելիության հղումներ

Վերջին 10 տարում առաջին անգամ Պուտինը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 20-ը մարտի, 2014թ․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 20-ը մարտի, 2014թ․

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ ՌԴ նախագահը հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաընկերությանը:

Թե ինչին կվերաբերի ՄԱԿ-ում նրա ելույթը, առայժմ հայտնի չէ: Արևմտյան վերլուծաբանների համոզմամբ, Պուտինը խոսելու է Սիրիայի մասին: Ռուսաստանյան փորձագետները, մինչդեռ, կարծիք են հայտնում, որ ՌԴ նախագահի ելույթի հիմնական մասը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ գործադրող Միացյալ Նահանգներին ուղղված քննադատությունը կլինի:

Մինչ այդ, արդեն հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնել է պաշտոնապես հանդիպել Պուտինի հետ: Սպիտակ տան փոխանցմամբ, Օբաման համաձայնել է «ռուսական կողմի բազմաթիվ խնդրանքներից հետո»:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին՝ կարելի՞ է ասել, որ Մոսկվան հուսահատ ջանքերի գնով է հասել երկու նախագահների հանդիպման համաձայնության ձեռքբերմանը, Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը պատասխանել է․ - «Կարելի է և այդպես ասել, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոնք մենք ստացել ենք ռուսների կողմից: Նրանք շատ հետաքրքրված են նախագահ Օբամայի հետ հանդիպմամբ»: Ըրնեսթը նաև հայտարարել է, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կուլուարներում Օբամայի և Պուտինի հանդիպման գլխավոր հարցը լինելու է Ուկրաինան:

Մինչդեռ Մոսկվան որպես առանցքային թեմա է նշում Սիրիան: «Հանդիպումը տեղի է ունենալու երկուստեք ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե զրույցի առաջնային թեման Սիրիան է լինելու: Հարցին՝ քննարկվելու՞ է արդյոք Ուկրաինայում տիրող վիճակը, Պեսկովը պատասխանել է․ - «Դե, եթե ժամանակ լինի»:

«Ժամանակ կլինի»,- Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նախօրեին հայտարարել է խոսնակ Ջոշ Ըրնեսթը: Ամերիկյան կողմը մտադիր է պնդել, որ Ռուսաստանը կատարի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունները: Վաշինգտոնը նաև փորձելու է պարզել, թե ինչ մտադրություններ ունի Մոսկվան Սիրիայի հետ կապված:

Պուտինի անսպասելի հայտնությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, փորձագետների համոզմամբ, Կրեմլի կողմից փորձ է՝ ապացուցելու, որ Ռուսաստանը մեկուսացված չէ:

Վերլուծաբանները համոզված են, որ իր ելույթի զգալի մասը Ռուսաստանի առաջնորդը հատկացնելու է սիրիական հակամարտությանը, մասնավորապես՝ շեշտադրումներ անելով ահաբեկչության թեմայի վրա:

Շատերի գնահատմամբ, ռազմական ուժ և տեխնիկա ուղարկելով Սիրիա՝ Ռուսաստանը խառնվել է լրջագույն համաշխարհային ճգնաժամին, ինչի արդյունքում Կրեմլը դարձել է այդ իրադարձությունների անքակտելի մասը, այդպիսով, փաստորեն, երկրորդ պլան մղելով ուկրաինական հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածության հարցը:

Ի դեպ, CBS հեռուստաընկերության հետ զրույցում Վլադիմիր Պուտինը հորդորել է իրեն ցար չանվանել: «Ինձ տարբեր կերպ են բնորոշում, բայց «ցար» բնորոշումն ինձ սազական չէ»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Լրագրողի դիտարկմանը, թե Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախագահի մասին շատ են խոսում, Պուտինն արձագանքել է․ - «Այլ զբաղմունք չունե՞ն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG