Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ոչ համարժեք են համարում ՀՀ իշխանությունների արձագանքը Ադրբեջանի հարձակումներին


Ադրբեջանական կրակոցներից վնասված տուն Կոթիում

Ադրբեջանական կրակոցներից վնասված տուն Կոթիում

Ընդդիմադիրները ոչ համարժեք և ուշացած են համարում Հայաստանի իշխանությունների արձագանքը խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումներին, ինչի հետևանքով երեք քաղաքացի սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։

Ընդ որում, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ ուշացած է ոչ միայն Հայաստանի արտգործնախարարության, այլև ընդհանրապես ամբողջ պետության արձագանքը:

«Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն է ուշացած, որը փոխանակ զբաղվի հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, հարձակվում է Զարուհի Փոստանջյանի վրա, կարծես թե Հայաստանի ամենակարևոր թշնամին նա է։ Ուշացած են Սերժ Սարգսյանի գործողությունները և՛ որպես գերագույն գխավոր հրամանատար, և՛ որպես մի մարդ, որը պատասխանատու է Հայաստանի անվտանգության, պաշտպանական համակարգի ամրության, տնտեսության զարգացման համար»,- ասաց Զուրաբյանը։

Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց.- «Պարզ պատճառով՝ այսօրվա Հայաստանի իշխանավորները ոչ թե ղեկավարվում են պետական մտածողությամբ, այլ սեփական հարստությունները կուտակելու մարմաջով»։

«Ինչո՞ւ չի արձագանքում ՀԱՊԿ-ը, չէ՞ որ այս դեպքում զոհերը Հայաստանի քաղաքացիներ են, շփման գիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև է», - այս հարցին էլ Զուրաբյանը պատասխանեց.- «Երբ մեր պետությունը ադեկվատ ռեակցիա չի տալիս, շատ դժվար է մեղադրել ՀԱՊԿ-ին, կամ ՆԱՏՕ-ին, կամ ՄԱԿ-ին։ Նրանք չեն կարող ավելի հզոր պաշտպանի դերում հանդես գալ, քան մեր երկրի սեփական իշխանությունը»։

«Ի՞նչ պետք է արվեր դիվանագիտական օղակների միջոցով, որ չի արվում»։ «Հազար բան կարելի էր անել, ընդհուպ մինչև այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելը։ Կան բազմաթիվ ատյաններ, որտեղ այդ հարցը կարելի է բարձրացնել, բայց այս իշխանությունները դրա հնարավորությունները չունեն, որովհետև չունեն վստահելիություն այդ կառույցների մոտ»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ էլ՝ Հայաստանի իշխանությունները արագ չեն արձագանքում ստեղծված իրավիճակին և իրենց անգործությամբ է՛լ ավելի են խորացնում խնդիրը:

«Դա պայմանավորված է ոչ ինքնուրույն, ինքնիշխան քաղաքականություն բանեցնելով։ Սպասում են, թե իրենց ինչպես կասեն, որպեսզի այդ ասածի ներքո շարժվեն»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞վ պետք է ասի ՀՀ արտգործնախարարությանը, Փոստանջյանը արձագանքեց.- «Այսօրվա ՀՀ արտգործնախարարությունը ենթակա է առաջին հերթին Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն էլ սպասում է, թե Մոսկվայից ինչպիսի հրամաններ պիտի տան իրեն»։

Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանը նշում է, թե չէր ցանկանա ասել, որ Հայաստանի արտգործնախարարությունը ոչ ադեկվատ է գործում, բայց որ կարող է ավելին անել՝ փաստ է: Դաշնակցական պատգամավորը, սակայն, ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում նաև միջազգային հանրությանը՝ ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների:

«Խորապես համոզված եմ, որ եթե նրանք իսկապես անհանգստանային այս իրավիճակով, որ արդեն տևում է երկար ժամանակ, կարող էին այնպիսի մեխանիզմներ կիրառել կամ համատեղ այնպիսի քայլեր ձեռնարկել, որ նվազագույնի հասցնեին։ Ցավոք, մենք դրա ականատեսը չենք լինում, իսկ այստեղ բնական է, որ մեր արտգործնախարարությունը պիտի անի ավելին։ Բայց ամենահիմնականը դարձյալ մնում ենք մենք։ Մեր հույսը պիտի մեր վրա դնենք և կարողանանք մեր բանակը պահել այնպիսի մարտունակ վիճակում, որ նա կարողանա համարժեք արձագանքել և թշնամուն լռեցնել»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի լռությանը՝ Դաշնակցության ներկայացուցիչն ասաց.- «Ես այստեղ ևս տեսնում եմ, որ մեխանիզմները պիտի գործեն, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Շատ վատ է, որ համարժեք գնահատականներ չեն տրվում։ Թե ինչո՞ւ չեն տրվում, հարցրեք ՀԱՊԿ-ի մեր կողմից համակարգողին»։

Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը մնում ՀԱՊԿ-ում, եթե այդ կառույցը իր գործառույթները չի իրականացնում. Վարդանյանը հորդորեց սահմանային միջադեպերով կամ մի քանի դեպքերով չգնահատել ամբողջ գործունեությունը և ամբողջ համակարգը.- «Խոսքը միայն այս հատվածի մասին չէ, գիտեք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նաև այլ խնդիրներ կան։ Ես կարծում եմ, որ մենք պիտի իսկապես կարողանանք մեր անվտանգության համակարգը այնպիսին դարձնել և այնպիսի փոխլրացնող համակարգեր ունենալ ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաև ուրիշների հետ, որպեսզի կարողանանք մեր երկրի սահմանները իրոք պաշտպանված ունենալ»։

Հավելենք, որ այս գիշեր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ Երևանում ասել է, թե «հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»: Հայաստանի պաշտպանության նախարարությունն, անդրադառնալով խնդրին, ընդգծել է, որ հայկական զինուժը դիմելու է համարժեք գործողությունների։

XS
SM
MD
LG