Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպերի հարցով օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Ադրբեջանի կողմից սպանված և վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է մի քանի տասնյակ միջազգային կառույցների: Այս մասին Անդրեասյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով տեքստը։

Գրության մեջ մասնավորապես ասված է. - «Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ: Բացի այդ, Ժնևի կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա, մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են»։

Օմբուդսմենն ընդգծել է, որ «խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը»:

«Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայատանում և թե´ այլուր մեզ համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը և գնդակոծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը և նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնևյան կոնվենցիաների տարրական պահպանմանը», - ասված է գրությունում։

Կարեն Անդրեասյանը նշում է, որ գրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին և օտարերկրյա մի շարք այլ գործընկերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG