Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը դիմում է Սերժ Սարգսյանին


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ

Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և անձամբ իր, ԱԻՄ-ի, բոլոր ընտրություններում իրեն ձայն տված քաղաքացիների անունից պահանջել է կասեցնել «հակասահմանադրական և ապօրինի ընթացակարգով իրականացվող [սահմանադրական փոփոխությունների] գործընթացը»։

Հայրիկյանը պահանջում է հետ կանչել նախագիծը Ազգային ժողովից, կազմակերպել ներկայացված այլընտրանքային «Բացարձակ ժողովրդավարության» տարբերակի հրապարակային քննարկում, այն ներկայացնել համապատասխան միջազգային կառույցներին և միայն դրանից հետո ասպարեզում մնացած նախագիծը ներկայացնել Ազգային ժողով։

ԱԻՄ առաջնորդը հայտնում է, որ մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանին հղած ուղերձում մատնանշել էր, թե Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործն ընթացել և ընթանում է Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, «հետևաբար այն հակասահմանադրական է և պետք է անմիջապես կասեցվի»։

«Այն, որ նույն հարցով մենք ստիպված ենք լինում դիմել երկրորդ անգամ, ցույց է տալիս, որ Դուք Ձեր հակաժողովրդավարական և հակասահմանադրական մտադրություններում հետևողական եք։ Սակայն իմ մարդկային պարտքն է հիշեցնել, որ աշխարհի որևէ երկրում սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող իշխանավորը դատապարտված է», - նամակում գրել է Հայրիկյանը՝ նաև նշելով. - «Ուզում եմ հավատալ, որ ստիպված չեմ լինելու արձանագրել, որ ինձ պատշաճ չպատասխանելով (Հոդված 27.1) Դուք՝ պետական այն պաշտոնյան, ում վերապահված է հետևել Սահմանադրության պահպանմանը (Հոդված 49), ևս մեկ հակասահմանադրական արարք չեք թույլ տա։ Այդ դեպքում հավատացնում եմ՝ Ձեր անպատասխանատու վերաբերմունքը կարժանանա հանրային համազոր արձագանքի»։

«Դուք պարտավոր եք հիշել, որ, Տիրոջ կամքով, Հայաստանը տեր ունի, և այդ տերը ոչ թե Դուք եք կամ որևէ պաշտոնյա, այլ՝ Հայաստանի ժողովուրդը», - Սերժ Սարգսյանին գրել է Պարույր Հայրիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG