Մատչելիության հղումներ

Գիշերը Բերդավանում հանգիստ է անցել


Ադրբեջանցիների կողմից հաճախ գնդակոծվող տարածք Տավուշի մարզում, արխիվ
Ադրբեջանցիների կողմից հաճախ գնդակոծվող տարածք Տավուշի մարզում, արխիվ

Իսկ երեկ Բերդավանում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ հակառակորդի գնդակից վիրավորված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներ Արփիկ Մարալչյանի և Արմեն Հախվերդյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը։

«Վիրավորները թեթև վիրավորներ են, կյանքին սպառնացող վիրավոր չենք ունեցել։ Մեկը՝ կինը, սրունքի հատվածում է վիրավորվել, տղայինը՝ ձեռքի հատվածում է։ Նա բուժօգնություն է ստացել բժշկական կենտրոնում ու տուն գնացել, կինը դեռ այնտեղ է, բայց կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց գյուղապետը։

Հիշեցնենք, երեկ հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու հոգի վիրավորվել է։

Գաբրիելյանի խոսքով, գիշերը Բերդավանում հանգիստ է եղել։ «Գիշերը ոչ մի բան չի եղել, նորմալ, հանգիստ է անցել։ Դե էս են դեպքը չէ, մոտիկ չէ, որ զենքը ձեռքը գյուղացիները պաշտպանվեն, հեռվից հրետակոծվում է, դրա պաշտպանումը մենակ նկուղներում կամ նկուղային հարկերում պատսպարվելն է», - ասաց գյուղապետը։

Արարատ Գաբրիելյանը նշեց, որ գյուղացիներից ոմանք իրենց ընտանիքներին՝ կանանց, երեխաներին, տեղափոխել են հարևան գյուղեր, որտեղ ավելի անվտանգ է։ «Իսկ տղամարդիկ նորից հետ են եկել։ Մարդիկ էլ կան սկի չեն էլ տեղափոխել, հիմնական մասն իրենց տներում են», - ասաց գյուղապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG