Մատչելիության հղումներ

Փոստանջյանը չի բացառում ԱԱԾ-ին դատական պատասխանատվության կանչելու հնարավորությունը


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորը չի հրաժարվում իր խոսքերից, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը որակել էր սադրիչ ու քրեորեն պատժելի։

Ազգային անվտանգության ծառայությունից սպառնալիքներ ստացած Զարուհի Փոստանջյանը գուցե դատական պատասխանատվության կանչի Գորիկ Հակոբյանի գլխավորած կառույցին։

«Ինձ համար դժվարություն չէ մի հայց ներկայացնել դատարան կամ մի բողոք, որովհետև դա իմ մասնագիտությունն է, բայց չգիտեմ՝ արժե գնալ այդ ճանապարհով, թե ոչ։ Դեռ մտածում եմ։ Բայց այն, որ սա աննախադեպ է այն առումով, որ ես ուղղակի կարծիք եմ արտահայտել, իրենք են անցել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակը»,- «Ազատությանը» ասաց պատգամավորը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային անվտանգության ծառայությունից հեռու գնաց՝ նախազգուշացումից զատ անհրաժեշտ համարելով պատժել ընդդիմադիր պատգամավորին՝ «պետականության վրա ստվեր գցելու համար»։

Փոստանջյանը արձագանքում է.- «Եթե հնարավորություն ունեն ինձ պատժելու, թող փորձեն։ Իմ սերը, իմ հավատը իմ հայրենիքի նկատմամբ այնքան ուժեղ է, այդ զենքը այնքան ուժեղ է և ինձ մոտ է գտնվում, որ երբեք իրենց պատժամիջոցներով ինձ չեն կարող հասնել»։

Եռյակում «Ժառանգության» երբեմնի գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ը, որ ամիսներ առաջ ինքն էր Փոստանջյանի պես իշխանափոխության կոչեր հնչեցնում, զորակցեց Ազգային անվտանգության ծառայությանը՝ տեղին և ժամանակին որակելով իրավապահների նախազգուշացումը ընդդիմադիր պատգամավորին։

«Վերջին բոլշևիկի ճամբարում հանգրվանելու այս ցանկությունը... իհարկե, տխուր շրջան են ապրում այդ կուսակցության ներկայացուցիչները, և եթե իրոք իրենց ընդդիմադիր են հռչակում, իրոք ցանկություն ունեն մեր երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, ապա խոսքի ազատության դեմ չպետք է գնան»,- ասաց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանը չի հրաժարվում իր խոսքերից, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը որակել էր սադրիչ ու քրեորեն պատժելի։

«Տապալել Սերժ Սարգսյանի գործունեությունը, տապալել Հանրապետական կուսակցության գործունեությունը, դա միանշանակ է, սա է օրակարգային, սա է առաջնահերթ»,- ասաց նա։

XS
SM
MD
LG