Մատչելիության հղումներ

logo-print

«Սա ոչ թե նոր «սառը պատերազմ» է, այլ ավելի վտանգավոր բան»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է զորավարժությունների ընթացքին, Օրենբուրգ, 19-ը սեպտեմբերի, 2015թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է զորավարժությունների ընթացքին, Օրենբուրգ, 19-ը սեպտեմբերի, 2015թ.

«Հեռավոր տարածքներից հասնող կայծերը կարող են անսպասելի պայթյունների պատճառ դառնալ աշխարհում», - ընդգծում է բրիտանացի վերլուծաբանը:

Բրիտանացի պատմաբան և քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Սերվիսի խոսքով՝ անցյալ տարի, երբ ռուսները գրավեցին Ղրիմը, աշխարհը կարծես սկսեց վերադառնալ դեպի անցյալ, դեպի «սառը պատերազմ»։

Խորհրդային Միությունը 1950-ական թվականներին միջուկային զենքի շնորհիվ կարողացավ հզորությամբ հավասարվել Ամերիկային, ի հակակշիռ ՆԱՏՕ-ի ստեղծեց Վարշավյան ուխտը, բոլոր ասպարեզներում փորձում էր առճակատվել Արևմուտքի հետ։ Financial Times-ում հրապարակած վերլուծությունում պատմաբանը նշում է, որ աշխարհը մի քանի անգամ հասել էր միջուկային պատերազմի աղետի շեմին։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թվում էր, թե նոր «սառը պատերազմի» վտանգ այլևս չկա, և ահա` Վլադիմիր Պուտինի ռեժիմը յուրացնում է հարևան Ուկրաինայի մի մասն ու «հիբրիդային» պատերազմ նախաձեռնում այդ երկրի արևելքում։

Արևմուտքն անմիջապես պատասխանում է տնտեսական պատժամիջոցներով, ռուսական տնտեսությունը հայտնվում է ճգնաժամային վիճակում` նավթի գինն իջնում է, օտարերկրյա ներդրումները դադարեցվում են, ռուսական բիզնեսը սկսում է երկրից դուրս հանել կապիտալը։

Վլադիմիր Պուտինը հանրային ելույթներում ընդունում է, որ կան դժվարություններ, սակայն հորդորում է սատարել իշխանությանը, որի նպատակն է վերականգնել երկրի հզորությունը, Ռուսաստանը նորից դարձնել համաշխարհային գերտերություն։

Ռոբերտ Սերվիսը նշում է, որ ինչքան քննադատում են Պուտինին օտարերկրացի ղեկավարները, այնքան բարձրանում է նրա վարկանիշը երկրի ներսում։ Եվ, այնուամենայնիվ, ավտորիտար գործելակերպը հաշվի չի առնում անսպասելի վրա հասնող բողոքների վտանգը, երբ բնակիչների լայն զանգվածը ասում է` «բավ է, էլ չենք կարող այսպես ապրել»։

Լիբիայի դիկտատոր Մուամար Քադաֆիի անփառունակ վախճանը նման հանգուցալուծման վառ օրինակն է։ Վլադիմիր Պուտինը գիտի այդ վտանգի մասին։

Ըստ բրիտանացի պատմաբանի, այս պահին չկա դասական իմաստով «սառը պատերազմ», բայց «առկա վիճակը վատն է և կարող է է՛լ ավելի վատթարանալ»։

Չափազանց լավատեսական կլիներ ակնկալել, թե Պուտինը կփոխի իր քաղաքականությունը։ Այսօր նա զբաղված է հարևան երկրներին ահաբեկելով, Էստոնիան, Լատվիան, Լիտվան տագնապի մեջ են։

Վերլուծաբանները բազմիցս են ասել, որ Պուտինը աշխարհքաղաքական կանխատեսումների առումով բնավ մեծ մտածող չէ, կարճաժամկետ նպատակներին հասնում է, սակայն երկարաժամկետ հեռանկարի տեսակետից տանուլ է տալիս։

Նա արդեն ծանր վիճակի է հասցրել իր երկրի տնտեսությունը։ Սիրիայի հարցում նրա նախաձեռնություններն, իհարկե, պետք է ուսումնասիրել, բայց նա չի հեռանում Ուկրաինայից, նա արդեն «բաց է թողել ազգայնամոլության շներին», և հետագայում, նույնիսկ եթե ցանկանա, դրանց շատ դժվար կլինի վերադարձնել վանդակներ։

Ռուսաստանի դաշնակիցները դիկտատորական երկրներն են, Արևմուտքի հետ հարաբերություններում ճգնաժամ է, տնտեսությունը թույլ է` այս ամենը է՛լ ավելի անկանխատեսելի է դարձնում ներկայիս իրավիճակը։

«Սառը պատերազմի» տարիներին երկու բևեռները հավասարակշռություն էին ապահովում, ինչն էլ որոշակի կայունություն էր ապահովում աշխարհին։

Ըստ բրիտանացի պատմաբան Ռոբերտ Սերվիսի, հենց այս իմաստով է այսօրվա վիճակն ավելի վտանգավոր, «հեռավոր տարածքներից հասնող կայծերը կարող են անսպասելի պայթյունների պատճառ դառնալ աշխարհում»։

XS
SM
MD
LG