Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու տղամարդ էլ վիրավորվել է։

Այս տեղեկությունները «Ազատությանը» փոխանցեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը, ինչպես նաև՝ ոստիկանության լրատվական բաժինը։

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց մոտ երկու վիրավոր, երկու զոհված կա, բոլորը՝ Բերդավանից։ Վիրավորներից մեկը, ըստ նույն աղբյուրի, 1972 թվականին ծնված տղամարդ է, մյուսը՝ 1953 թվականին ծնված կին։

Նոյեմբերյանի բնակիչներից մեկի փոխանցմամբ՝ քաղաքում փողոցների լույսերը կրակոցների պատճառով շատ շուտ անջատվել են, սակայն տների լույսերը վառվում են։ Նա հայտնեց, որ Նոյեմբերյանում արկեր ընկել են, սակայն դժվարացավ ասել, թե քանիսը։ Ռմբակոծությունը, ըստ «Ազատության» զրուցակցի, սկսվել է երեկոյան ժամը 5-ից հետո և երկար է տևել։ Կեսգիշերին մոտ արդեն ռմբակոծության ձայներ չէին լսվում։

Նոյեմբերյանի բնակիչը հաստատեց, որ նախկինում քաղաքի փողոցի լույսերը այդքան շուտ չէին անջատվել. - «Դե առաջ քաղաքի ռմբակոծություն չի եղել, շատ շուտ է եղել՝ ասենք, եղել է դա 94 [թվականին]...»։

Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը շփման գծում»,- հայտարարում է պաշտպանական գերատեսչությունը:

Հաղորդագրությունում նաև ասված է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ-ի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG