Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանի նոր կոչումը զայրացրել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին


Վահագն Հարությունյան, արխիվ
Վահագն Հարությունյան, արխիվ

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելը վրդովեցրել է զոհերի հարազատներին։ Նրանք սա ընկալում են որպես վիրավորանք, հարցնելով՝ ինչի՞ համար է պարգևատրվել մի մարդ, որը չի կարողացել 10 հոգու սպանողներից որևէ մեկին բացահայտել։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Հարությունյանին նախագահ Սերժ Սարգսյանը այս կոչումը շնորհեց Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

«Ինքը շատ լավ աշխատեց միայն Սերժ Սարգսյանի և իշխանությունների համար, որ ամեն կերպ կոծկեր «Մարտի 1»-ը։ Ինձ համար ոչ զարմանալի է, ոչ էլ անակնկալ էր։ Նա կարող է ավելի լավ պաշտոն էլ ստանալ, լավ մեդալներ ստանալ։ Իմ 50 օրական էրեխեն իմ ձեռքին մնաց, իմ 28 տարեկան երիտասարդն էլ ութ տարի է՝ հողի տակ փտում է։ Խղճի խայթ չեն զգո՞ւմ»,- հարցնում է սպանված Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը։

Ազատուհի Քլոյանն ասում է՝ չգիտի ինչ պատասխան տա արդեն մեծացած թոռների հարցերին.- «Ասաց՝ տատի, բայց ես չհասկացա, իմ պապան ինչի՞ց մահացավ։ Հետո տեսավ, որ ես քարացել եմ, լացը տվել է վրես, ասաց՝ ես գիտեմ, որ խփել են, բայց ուզում եմ իմանալ՝ որտե՞ղ են խփել, կռվի դաշտո՞ւմ են խփել։ Քոչարյանը թող գար, էս երեխին պատասխանը տար, ինչ կլիներ, էնպես կուզեի, որ Սերժի հետ գային, իմ էս յոթ տարեկանին պատասխանեին»։

Ընդդիմադիրներն էլ համոզված են, որ Վահագն Հարությունյանը հերթական անգամ պարգևատրվեց «Մարտի 1»-ի գործով իր դերակատարության համար։ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանը հարցնում է.- «Բա ուրիշ ինչի՞ համար։ Վահագն Հարությունյանի մասին 2008 թվականից հետո լսե՞լ եք, որ լինելով քննչական մարմնի ղեկավար, ինչ-որ հնչեղ սպանություն բացահայտեն, հնչեղ հանցագործություն բացահայտեն քննչական մարմինը։ Երբևէ Վահագն Հարությունյանի անունը լսվե՞լ է ինչ-որ գործով»։

Վահագն Հարությունյանի անունը բացառապես «Մարտի 1»-ի հետ կապելը, մինչդեռ, անընդունելի է փաստաբանների մի մասի համար։ Տիգրան Աթանեսյանը հիշեցնում է՝ նա այդ խումբը ղեկավարել է ընդամենը 3 տարի, իսկ սպանությունների գործից արդեն 7.5 տարի է անցել։

«Նախ պարոն Հարությունյանը ի պաշտոնե հանդիսանում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, դա գեներալի պաշտոն է, հետևաբար՝ կոչումը համապատասխանեցրել են իր պաշտոնին։ Երկրորդ՝ մի բան կասեմ, որ շատ քչերը ինձ կհասկանան կամ շատերին դուր չի գա, պարոն Հարությունյանը իմ հանդիպած հազվագյուտ պրոֆեսիոնալ քննիչներից է, իր գործի նվիրյալ։ Երբեք չեմ տեսել որևիցե չարաշահում։ Իհարկե, պարոն Հարությունյանի անունը կապում են «Մարտի 1»-ի հետ, ես չեմ համարում, որ նա է այդ գործը կեղծել, կոծկել և այլն»,- ասաց Աթանեսյանը։

«Առհասարակ, շատ դեմ եմ այն կարծիքին, որ Վահագն Հարությունյանի հետ կապեն այդ քրեական գործի ընթացքը։ Շատ վաղուց արդեն պարոն Հարությունյանը որևէ առնչություն չունի այդ գործի հետ, քննչական խմբի ղեկավարը չէ, կա այլ ղեկավար, գործը կասեցված չէ, կարճված չէ, քննության փուլում է։ Եթե պարոն Հարությունյանի հետ են կապում, ապա հարց՝ բա ի՞նչ են անում 4-5 տարի այլ քննիչները։ Այժմյան քննչական խմբի ղեկավարի անունը անգամ հայտնի չէ։ Դա նշանակում է, որ որոշումները կայացվում են այլ տեղում, հստակ մարդկանց կողմից, երևի բոլորս էլ հասկանում ենք՝ ինչպես, և պետք չէ դա պարոն Հարությունյանի անվան հետ կապել»,- հավելեց փաստաբանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի համոզմամբ՝ Վահագն Հարությունյանը «միանշանակ կարող էր ինչ-որ բան անել».- «Ես հեռու եմ այն մտքից, որ «դե, ես ինչ անեմ, վերևներից չթողեցին»... չես կարող անել, ուրեմն դիմում գրի, դուրս արի, թող այն մարդը, որը կկարողանա»։

Հարցին՝ արդյոք անվտանգության սպառնալիք չէ՞ր առաջանա այդ դեպքում, եթե հրաժարվեր գործից, Գյոզալյանը պատասխանեց.- «Ես կարծում եմ, որ ոչ։ Ցանկացած մարդ, որ իր գործը չի ուզում անի, ասում է՝ գիտեք ինչ, վտանգ կար, սպառնում էին իմ ընտանիքին։ Հակված չեմ հավատալու դրան, որովհետև իմ աչքի առջև ես ունեմ Պարգև Օհանյանի օրինակը։ Ինչո՞ւ, օրինակ, Պարգև Օհանյանին չկալանավորեցին, ինչպես արեցին Ջհանգիրյանին։ Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ ինֆորմացիայի հետ կապված որոշակի բաներ կան, սկսած ամենափոքր գործից մինչև ամենամեծ գործը անվտանգության հարցը կարող է առաջանալ։ Եվ ինչ, եթե առաջանում է՝ ես ասեմ, լավ, կներեք, ես համաձայն եմ, ծառայո՞ւմ եմ ձեզ ամբողջությամբ։ Ուրեմն մի՛ արեք ձեր գործը, գնացեք ապաստան խնդրեք, հրապարակայնացրեք։ Թեև ես կարծում եմ՝ երբ նման հարցեր են լինում և պաշտոնատար անձը հրապարակայնացնում է, հասարակության պաշտպանության ներքո նրան արդեն ձեռք չեն տա»։

XS
SM
MD
LG