Մատչելիության հղումներ

Բացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությունը:

Դպրոցի բացումը կատարել են «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը և Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացել պայմաններին, ուսումնական ծրագրերին ու երեխաների բազմակողմանի զարգացումն ապահովելու նպատակով մշակված դասավանդման մեթոդաբանությանը:

Դիլիջանի կենտրոնական դպրոցն ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչև 160 աշակերտի համար:

Երկրի կրթական համակարգ Դիլիջանի կենտրոնական դպրոցի մուտքով ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Պատասխանատուների հավաստմամբ, իր գաղափարախոսությամբ և տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Դպրոցի շենքի կառուցումը և գործունեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտաարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողներին և ստեղծագործողներին:

Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ ներկայումս դպրոցում սովորող 119 աշակերտների ավելի քան 80 տոկոսը և դպրոցի աշխատակիցների 24 տոկոսը Դիլիջան քաղաքից են, իսկ 22 տոկոսը Երևանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքով, աշխատակիցների 13 տոկոսը Հայաստանի այլ մարզերից է, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG