Մատչելիության հղումներ

logo-print

Սմբատ Հակոբյանը այլևս չի ցանկանում հիշատակել Ռուբեն Հայրապետյանի անունը


Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Այդուհանդերձ, ազատամարտիկը շարունակում է պնդել, որ իր հետ տեղի ունեցածը կենցաղային վիճաբանության հետևանք չէ, այլ «քաղաքական գործունեության հետ կապված սպանության փորձ»:

Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ ժամեր տևած քննչական գործողություններից հետո, խոսելով իր նկատմամբ գործադրված բռնության մասին, այլևս չցանկացավ հիշատակել ՀՖՖ նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանի անունը։

Մինչդեռ, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու հաջորդ իսկ օրը նա հայտարարել էր, որ Հայրապետյանն ավելի վաղ իր հասցեին սպառնալիք է հնչեցրել, իսկ իրեն ծեծողներից մեկն էլ նրա՝ Տիգրան անունով թիկնապահն է եղել։

«Եկեք Ռուբեն Հայրապետյանին թողնենք, հա», - ասաց Հակոբյանը՝ «Ազատության» դիտարկմանը, որ առաջինն ինքն է տվել Հայրապետյանի անունը, արձագանքելով. - «Դե հիմա ասում եմ, ես չեմ վախենում անուններ տալուց, պետք լինի՝ կասեմ էլի․․․»։

Երեկ առերեսման ժամանակ ազատամարտիկը ճանաչել է իրեն ծեծողներից երեքին, ովքեր, ըստ քննչական կոմիտեի, կեսգիշերին մոտ ձերբակալվել են: Նրանց թվում չէ, սակայն, ազատամարտիկի կողմից ավելի վաղ մատնանշված Տիգրանը։ Հակոբյանը հրաժարվեց մանրամասնել՝ քրեական գործով հիշյալ Տիգրանն անցնում է, թե ոչ: Նաև չպնդեց, որ վերջինս Հայրապետյանի թիկնազորից է եղել։ «Ես ասել եմ, որ տեղեկություն եմ լսել, որ ինքը եղել ա ․․․ »։

Մոտ տասը ժամ տևած քննչական գործողություններից հետո, ուշ գիշերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հատուկ հիվանդանոց հրավիրած ազատամարտիկը պնդեց, թե փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը:

«Որոշ լրատվական կայքեր կամ նմանատիպ ծառայություններ փորձում են այս միջադեպը (որը ես միջադեպ չեմ համարում, սա սպանության փորձ ա բառիս բուն իմաստով և իմ քաղաքական գործունեության հետ ա ուղղակի կապված) որակել կենցաղային բնույթի, կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանություն, ո՛չ, սա ծեծել չի, սա իմ քաղաքական հայացքների համար փորձել են սպանել»,- ասաց Հակոբյանը:

Ազատամարտիկը, միևնույն ժամանակ, պնդում է, որ վստահում է իրավապահներին և հավատում է, որ հանցագործության հեղինակները կբացահայտվեն։

«Թե՛ ոստիկանները և թե՛ քննչական վարչությունը ճիշտ ուղու վրա են։ Հիմա նախաքննություն ա գնում, կպարզեն, որ սա սուգուբը կապված ա իմ քաղաքական հայացքների հետ», - ասաց նա:

Հակոբյանն ավելի վաղ պատմել էր, որ իր խնդրով մտահոգվել են նախագահ Սերժ Սարգսյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուբեն Հայրապետյանի անունն արդեն երկրորդ անգամ է շոշափվում բռնության համատեքստում: Մի քանի շաբաթ առաջ կոտրվածքներով ու բազմաթիվ կապտուկներով հիվանդանոց էր տեղափոխվել «Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանը, ով հայտարարել էր, որ իրեն ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետյանի ներկայությամբ ու անձամբ նրա հրամանով։

Այս փաստով, սակայն, քրեական գործ չհարուցվեց: Բռնությունից մի քանի օր անց ծեծված գործարարը հայտարարեց, թե որևէ բողոք չունի և պատրաստ է սեղմել Հայրապետյանի՝ իրեն պարզած հաշտության ձեռքը։

XS
SM
MD
LG