Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում քննարկվել է վարունգի իրացման խնդիրը


Արմավիրի մարզում գյուղացիները տոննաներով աղբանոց են նետում չիրացվող և փչացող վարունգը, սեպտեմբեր, 2015թ․

Արմավիրի մարզում գյուղացիները տոննաներով աղբանոց են նետում չիրացվող և փչացող վարունգը, սեպտեմբեր, 2015թ․

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք է այցելել փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ մասնակցելու համայնքում կազմակերպված հանդիպմանը՝ վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով:

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ:

«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են և ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով», - հայտնել է նախարարի տեղակալը:

Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով:

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:

Նշենք, որ Արմավիրի գյուղերում մարդիկ դժգոհում են, որ տոննաներով վարունգ են թափում։ Ասում են՝ գյուղնախարարությունից չեն ստանում խոստացված աջակցությունը վարունգը մթերելու հարցում: Սպառնում են, որ խաղողագործների օրինակով, իրենք էլ մայրուղի կփակեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG