Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ներկայացուցիչը հորդորում է ԱՄՆ-ի դեսպանին Հայաստանի ներքին գործերին չմիջամտել


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի՝ կոռուպցիայի մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերում` պնդելով, որ դեսպանի հայտարարությունները Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը չեն: Այսօր «Ազատության» հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը հորդորեց դեսպան Ռիչարդ Միլսին Հայաստանի ներքին գործերին չմիջամտել։

Դեսպան Միլսը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր.- «Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ՝ կարծում եմ, այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»:

«Ցանկալի է, որ մեծ երկրի դեսպանները, եթե իրենք որևէ այլ երկրի հետ քաղաքական փոխհրաձգության խնդիր ունեն, Հայաստանը պարզապես գործիք չսարքեն և օրինակը բերեն Հայաստանի վրա։ Հայաստանի ներքաղաքական գործերով, մեր խնդիրներով ցանկալի է, որ զբաղվի Հայաստանի Հանրապետությունը։ [Իր հարցազրույցի] ենթատեքստում ուղղությունը տանում էր դեպի այլ երկիր, ոչ թե դա անձամբ Հայաստանին էր վերաբերում... դե, ինքը չէր նշել երկիրը, բայց կարելի է հասկանալ՝ ինչ մասին է խոսքը»,- այսօր ասաց Բաղդասարյանը՝ հստակեցնելով, որ իր տպավորությամբ՝ Միլսը նկատի էր ունեցել Ռուսաստանը։

«Եթե նրանք իրար հետ ինչ-որ խնդիրներ ունենք, կարող են իրենք անմիջապես իրենց խնդիրները կարգավորել, և ընդամենը մեծ հարգանք ունենալով Ամերիկայի բոլոր դեսպանների նկատմամբ, շատ կարճ ժամանակում նման գնահատականներ տալը, ինձ թվում է, այդքան էլ ճիշտ չէր, և ես ճիշտ չեմ համար դրան պաշտոնապես պատասխանել։ Այսինքն մենք դա չենք համարում Ամերիկայի իշխանությունների կարծիքը, պարզապես դեսպանը իր հետևություններն է արել»,- նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Դիտարկմանը, որ դեսպանը ներկայացնում է իր երկիրը, և արդյո՞ք այդ հայտարարությունը ներքաղաքական խնդիրներին միջամտել է նշանակում, Բաղդասարյանը արձագանքեց.- «Դեսպանը ներկայացնում է իր երկիրը, բայց ոչ բոլոր հայտարարություններն են պաշտոնական։ Շատ ուրախ եմ, որ իրենք ցանկություն ունեն, որ Հայաստանում ավելի լավ լինի վիճակը, բայց նման սուր գնահատականները... և ընդհանրապես չեմ կարծում, որ կարելի է միջամտել ներքաղաքական խնդիրներին։ Կարելի է ընդառաջել»,- ընդգծեց Հանրապետականի ներկայացուցիչը։

Հարցին, թե դեսպանի ո՞ր խոսքն է համարում միջամտություն, Բաղդասարյանը պատասխանեց.- «Գնահատականները և այն, որ հետագայում կարող է անվտանգության խնդիր դառնալ։ Դա շատ սուր գնահատական է։ Չէի ցանկանա նման գնահատականներին պատասխան տալ, որովհետև մեր անվտանգությունով մենք ենք ավելի շատ անհանգստացած, քան այլ երկրի դիվանագիտական աշխատողները կամ այլ երկրի իշխանությունները»։

Բաղդասարյանը վստահեցրեց, որ նույն պատասխանը կտար նաև Ռուսաստանի դեսպանին, եթե նա ևս նման հայտարարություն աներ։ «Էլի կասեի՞ք, որ անլուրջ է»։ «Բնականաբար, անլուրջ՝ ինչ իմաստով. եթե իմ երկրին բավականին լուրջ գնահատականներ են տալիս և որը կարող է անհանգստություն առաջացնել նաև ներքաղաքական կյանքում, հարկավոր են հիմնավորումներ և պաշտոնական հայտարարություն։ Երբ որ կլինի որևէ երկրի պաշտոնական հայտարարությունը, մենք պաշտոնական պատասխան կտանք»,- ասաց նա։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «ամոթալի» է որակում իշխող կուսակցության ներկայացուցչի այս հայտարարությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը չպետք է գնա Ադրբեջանի ճանապարհով։

«Մեկ տարի առաջ մենք բոլորս Հայաստանում, այդ թվում և իշխող կուսակցությունը, բավականին զվարճանում էինք Ադրբեջանի վրա, որովհետև այնտեղ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիլ Մեհտիևը, նրա ենթակաները միմյանց հերթ չտալով, փրփուրը բերաններին պախարակում էին Միացյալ Նահանգների նախկին դեսպանի հայտարարությունները։ Եվ ճիշտն ասած, մտքովս չէր անցնում, որ այսպիսի զվարճանք կպատճեն Հայաստանի պաշտոնյաները։ Ամոթ եմ համարում, որովհետև Հայաստանը իրավունք չունի գնալու Ադրբեջանի ճանապարհով»,- ասաց քաղաքագետը։

Սաֆարյանն ընդգծում է՝ անթույլատրելի է Հայաստանը տանել մեկուսացման ճանապարհով և լարել հարաբերությունները արևմտյան դաշնակիցների հետ, առանց այն էլ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո մեր իշխանությունը բլոկադայի մեջ է հայտնվել, և նմանօրինակ հայտարարությունները կարող են չափազանց թանկ արժենալ Հայաստանի համար։

«Ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը պարտավոր է ուղղակի գոնե ներքին կարգով լուրջ նկատողություն հայտարարել խորհրդարանական խմբակցության ղեկավարին։ Առնվազն ՀՀԿ-ն իր քաղխորհրդի նիստում պարտավոր է ուղղակի գնահատական տալ և զերծ պահել սեփական կուսակցականներին նմանատիպ ադրբեջանական գնահատականներ տալուց»,- ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետը միաժամանակ չի կարծում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը իրեն թույլ չէր տա Ռուսաստանի դեսպանի հասցեին նման հայտարարություններ անել։

«Փորձը ցույց է տվել, որ երբ Ռուսաստանի դեսպանը իսկապես խառնվել է Հայաստանի ներքաղաքական կյանքին կամ փորձել է ցուցումներ տալ, թե ովքեր պիտի լինեն Հայաստանի իշխանությունների թիրախները, ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության սուբյեկտների առումով, նրանցից որևէ մեկը որևէ ծպտուն անգամ չի հանել»,- նկատեց Սաֆարյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես համաձայն չէ Հանրապետական խմբակցության ղեկավարի գնահատականների հետ. նախ, նրա փոխանցմամբ, ցանկացած երկրի դեսպան ներկայացնում է իր երկրի դիրքորոշումը, և երբ ԱՄՆ-ի դեսպանը խոսում է կոռուպցիայի մասին, որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, նա ընդամենը նշում է, որ այդ խնդիրը գոյություն ունի, և պատրաստ են աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին: Իսկ այն, որ Հայաստանում կոռուպցիան մեծ տարածում ունի, պատգամավորի փոխանցմամբ, ամենաբարձր մակարդակով նշում են նաև Հայաստանի իշխանությունները։ Դրա դեմ պայքարելու համար կառավարությունը անգամ հատուկ խորհուրդ է ստեղծել:

«Ես միջամտություն չեմ տեսնում, հակառակը՝ ես տեսնում եմ պատրաստակամություն. մարդը ասում էր՝ իր երկիրը, գիտակցելով, որ Հայաստանում կա գիտակցություն, որ կոռուպցիան պրոբլեմ է, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծում են հանձնաժողովներ, Սերժ Սարգսյանը ասում է՝ ձուկը գլխից պետք բռնել, և այս բոլոր բաների մեջ, եթե կարող ենք օգնել, ինչո՞ւ չօգնենք»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի դիտարկմանը, թե անընդունելի է դեսպանի այն հայտարարությունը, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ, Թևան Պողոսյանը հակադարձեց.- «Հենց ամենաառաջին օրինակը, առանց հեռու գնալու, Վահան Մարտիրոսյանը լքում է երկիրը, ունենալով երկրից չբացակայելու ստորագրություն։ Եթե մեր ինստիտուտները նորմալ աշխատեին, բնականաբար, այդպիսի բան չէր լինի»։

XS
SM
MD
LG