Մատչելիության հղումներ

ԵՄ-ն փախստականներին օգնելու նպատակով 1 միլիարդ եվրո է հատկացնում


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը (ձախից) և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, Բրյուսել, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը (ձախից) և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, Բրյուսել, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Եվրամիության երկրների առաջնորդները կշարունակեն քննարկումները:

Միգրացիոն ճգնաժամի հարցերով եվրոպացի առաջնորդների արտահերթ նիստի արդյունքներով որոշում է ընդունվել արտաքին սահմանների վերահսկողության խստացման և մինչև առաջիկա նոյեմբեր Հունաստանում ու Իտալիայում միգրացիոն գրանցման կետեր ստեղծելու շուրջ:

Գագաթնաժողովի գլխավոր որոշումը, սակայն, համարվում է 1 միլիարդ եվրոյի հատկացումը, որը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի միջոցով կփոխանցվի Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի կառավարություններին: Հենց այս երկրներում է ապաստանում Սիրիայից և Իրաքից փախստականների մեծամասնությունը:

Արևմտյան պետությունները, ինչպես՝ Գերմանիան և Ֆրանսիան, քննարկումների ընթացքում փորձում էին գործընկեր երկրներին համոզել, որ, ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, պետք է օգնել թուրքերին կամ լիբանանցիներին, որպեսզի նրանց երկրներում գտնվող փախստականները գայթակղություն չունենան շարունակելու իրենց ուղին դեպի Եվրոպա:

Այդ երկրներում գտնվող սիրիացիների թիվը շուրջ 4 միլիոն է, ևս 8 միլիոն մարդ դեռևս Սիրիայում է:

Այն փախստականները, որոնց հաջողվել է հայտնվել թուրքական, հորդանանյան ճամբարներում, ապրում են բավականին ծանր պայմաններում: Ընդ որում, միջազգային ֆինանսավորումը վերջին ամիսներին զգալիորեն կրճատվել է: Իրավիճակը ինչ-որ կերպ բարելավելու նպատակով Եվրամիությունը առաջիկայում կծախսի 1 միլիարդ դոլար:

«Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են ավելացնել Լիբանանին, Հորդանանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին հատկացվող օգնության ծավալները: Մեզ հետ համագործակցելու դիմաց նրանց կցուցաբերվի ավելի մեծ աջակցություն», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Միևնույն ժամանակ, մի կողմից՝ ԵՄ-ն փորձում է մեծ ջանքեր գործադրել իր արտաքին սահմանների վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ, մյուս կողմից էլ՝ եվրոպացի դիվանագետները ձգտում են միլիոնավոր մարդկանց փախուստի պատճառները վերացնելու ուղիներ գտնել: Այս տեսակետը երեկ հաճախ էր հնչում, և նման կոչով է հանդես եկել, մասնավորապես, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Խոսքը Եվրամիության և ՄԱԿ-ի ջանքերի մասին է, որոնք պետք է ուղղվեն զինված հակամարտության կարգավորմանը և կրակի դադարեցմանը՝ հատկապես Սիրիայում:

Եվրոպական մայրաքաղաքների միջև քննարկումները շարունակվելու են

Հաշվի առնելով գագաթնաժողովի արդյունքները, տպավորություն է ստեղծվում, որ Եվրամիության առաջնորդները դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել, թեև նրանց հաջողվել է համաձայնության հասնել փախստականներին առաջինն ընդունող երկրներում հատուկ գրանցման կետեր ստեղծելու և նոր եկողների տվյալների ուսումնասիրության շուրջ:

Սակայն, ինչպես նշել է Տուսկը, յոթ ժամ տևած քննարկումներից հետո այն քայլերը, որոնց շուրջ իրենք պայմանավորվել են, «ճգնաժամի համար լուծում չեն հանդիսանում»: «Անհրաժեշտ են քայլեր՝ ճիշտ ուղղությամբ», - ասել է նա:

Եվրամիության երկրների ղեկավարները հոկտեմբերի սկզբներին կրկին հավաքվելու են միգրացիոն ճգնաժամի հարցով՝ արդեն պլանային քննարկումների նպատակով: Բացի այդ, Բրյուսելը բանակցություններ է ակնկալում երրորդ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:

Ինպես նշում են Եվրամիության ներկայացուցիչները, Միության տարածք ժամանած փախստականների քանակը դեռ սկիզբն է, և պետք է պատրաստվել նոր, ավելի մեծ հոսքի:

Տեղեկանք

Եվրամիության անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հիմնական արդյունքները․

- արձագանքել տարածաշրջանում գտնվող փախստականների անհետաձգելի կարիքներին՝ հատկացնելով 1 միլիարդ եվրո ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, Համաշխարհային առևտրային ծրագրին և այլ կազմակերպությունների․

- օգնել Լիբանանին, Հորդանանին, Թուրքիային և այլ երկրներին սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու գործում, այդ թվում՝ Եվրամիության տարածաշրջանային նպատակային հիմնադրամի (MADAD հիմնադրամ) շոշափելի մեծացման ճանապարհով․

- ակտիվացնել Թուրքիայի հետ երկխոսությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի սպասվող այցի ընթացքում (հոկտեմբերի 5-ին)՝ միգրացիոն հոսքերը կարգավորելու և համագործակցությունը ամրապնդելու նպատակով․

- օգնել Արևմտյան Բալկանների երկրներին՝ փախստականների հոսքը կարգավորելու հարցում․

- ավելացնել ֆինանսական հատկացումները՝ ապօրինի միգրացիայի պատճառները վերացնելու ուղղությամբ․

- կարգավորել Եվրոպայի արտաքին սահմաններին տիրող դրամատիկ իրավիճակը և ուժեղացնել սահմանային վերահսկողությունը․

- ամենաուշը մինչև 2015 թվականի նոյեմբեր Եվրամիության սահմաններին ստեղծել գրանցման կետեր՝ ապահովելով անձի նույնականացում և ըստ այդմ՝ վերաբնակեցնել կամ ետ վերադարձնել միգրանտներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG