Մատչելիության հղումներ

Նախագահը Գյումրիում ներկա է եղել Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցու օծմանը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և պատարագին։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ եկեղեցին Սրբոց Նահատակաց անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:

Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդ Գապրոյանի համանախագահությամբ:

Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության խոսքը:

Նախագահականից տեղեկացնում են, որ Գյումրիում Հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը:

Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց Նահատակաց անվանումը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG