Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ երկրների առաջնորդները Բրյուսելում քննարկել են միգրացիոն ճգնաժամը


Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում, 23-ը սեպտեմբերի, 2015թ.

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում, 23-ը սեպտեմբերի, 2015թ.

Քննարկումներն ուղեկցվել են մասնակիցների լուրջ տարաձայնություններով։

Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության անդամ երկրների առաջնորդների արտահերթ հավաքը, որի հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն էր։

Նախապես հաղորդվում էր, որ արտահերթ գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում վերջնական որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով խնդիրների բարդությունը։ Խոսքը ճգնաժամի լուծման հիմնական ուղիները հստակեցնելու մասին է, որոնց մշակման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին։

Քննարկումներն այս անգամ ևս ուղեկցվեցին մասնակիցների լուրջ տարաձայնություններով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների առաջնորդներ շարունակում են անհամաձայնություն հայտնել փախստականների պարտադիր տեղաբաշխման սահմանմանը։

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պետք է անհապաղ հստակ պլան մշակել ճգնաժամը հաղթահարելու և մի շարք երկրներում տիրող քաոսին վերջ դնելու համար, ինչպես նաև սահմանային պատշաճ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, հակառակ դեպքում, ինչպես ընդգծել է Տուսկը, Շենգենյան գոտին փակելու վտանգը կմեծանա։

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեև ուշացումով են փորձում խնդրին լուծում տալ, այդուհանդերձ, ուղիներ պետք է փնտրել։

«Կարծում եմ, որ դա խոսում է ոչ թե եվրոպական միասնականության, այլ եվրոպական միասնության բացակայության մասին, հատկապես որ հարցը չենք քննարկել գարնանը, երբ իրավիճակը վատթարանում էր», - ասել է Լիտվայի նախագահը։

Խորվաթիան, որը վերջին օրերին, այսպես ասած, «փոխարինում էր» Սերբիայի հետ սահմանները փակած Հունգարիային, փորձում է առաջնային դարձնել Հունաստանի և Թուրքիայի սահմանների վերահսկողության հարցը, որտեղից էլ Խորվաթիա էին ժամանում օրական հազարավոր փախստականներ։

«Տեղաբաշխումն ինձ համար ամենակարևոր հարցը չէ, կարևորն այն է, թե ինչպես կանգնեցնել մարդկանցով լի այդ նավակը։ Պետք է Հունաստանին փորձել համոզել, խնդրել, պարտադրել՝ որպես Շենգենյան գոտու երկրի, որպեսզի սկսի վերահսկել արտաքին սահմանները, ինչը չի անում», - ասել է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը՝ հավելելով. - «Եթե Եվրամիությունը ի վիճակի չէ սա անել, ապա մնացյալ քննարկումներն անիմաստ են և ոչնչի չեն հանգեցնի»։

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը կարծում է, որ արտաքին սահմանների վերահսկողությունից առավել կարևոր է ակտիվություն դրսևորել այն հարցերում, որոնք փախստականների հոսք են առաջացնում։ «Օրինակ՝ Սիրիայի պատերազմը», - հստակեցրել է Լյովենը։

Որտե՞ղ և ի՞նչ քանակությամբ տեղավորել փախստականներին, որոնց հոսքը դեպի Եվրոպա չի դադարում։ Այս հարցերի պատասխանները, որոշ փորձագետների դիտարկմամբ, Եվրամիությունում պառակտում են առաջացնում։

Հիշեցնենք՝ միայն այս տարի Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Եվրամիության տարածք է մտել ավելի քան կես միլիոն միգրանտ։ Առայժմ Եվրամիությունը համաձայնության է եկել ընդամենը 120 հազարի տեղաբաշխման շուրջ, իսկ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ հաջորդ տարի ապաստան խնդրողների թիվը կարող է հասնել ավելի քան կես միլիոնի։

XS
SM
MD
LG