Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. ԱԱԾ-ն շարունակում է իր մեջ կրել սովետական КГБ-ի վարքուբարքը


Վարդան Հարությունյանը՝ Փոստանջյանին ուղղված ԱԱԾ-ի հայտարարության մասին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում հասկանալ, որ անկախ Հայաստանի, անկախ երկրի ազգային անվտանգության մարմին է, և շարունակում է իր մեջ կրել սովետական КГБ-ի վարքուբարքը։ Այդ մասին իրավապաշտպանը հայտարարեց «Ազատության» հետ զրույցում։

«Նույնիսկ իրենց այս հայտարարությունը էդ վարքուբարքի շարունակությունն է», - հավելեց Հարությունյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Փոստանջյանը Ազգայի ժողովի ամբիոնից հայտարարել էր. - «Ազգահավաքը կազմակերպելու համար մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացի դեմ և տապալենք և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Հանրապետական կուսակցությունը, և՛ այս կոչված բարեփոխումները։ Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ներկայիս, ժամանակակից՝ ԱԱԾ, НКВД, КГБ, և պետք է մենք հիմնադրենք մեր ազատ, անկախ և միացյալ Հայաստանը: Բոլո՛րս դուրս ենք գալիս փողոց»։

Մի քանի օր անց ԱԱԾ-ն զգուշացրեց Փոստանջյանին, որ սեպտեմբերի 18-ին, օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, նա «թույլ է տվել սադրիչ արտահայտություններ»:

Իրավապաշտպանի խոսքով, քաղաքական գործիչը քաղաքական հայտարարություն է արել Ազգային ժողովի ամբիոնից, և ազգային անվտանգության խնդիր չէ դա, որ ԱԱԾ-ն անդրադառնա, դատապարտի կամ սպառնա քաղաքական գործչին, ապագայում նրա նկատմամբ հաշվեհարդարներ տեսնելու կամ կիրառելու ցանկություններ հայտնի։

«Այս վարքուբարքը շատ ավելի սազական էր Սովետական Միությանը, շատ ավելի սազական էր НКВД-ին, КГБ-ին, դա արվում էր Ստալինի շրջանում, դա արվել է Ստալինից հետո, երբ որ քաղաքական գործիչներն այս կամ այն հայտարարություններով հանդես են եկել, կամ այս կամ այն հրապարակումներով հանդես են եկել և հայտնվել են հենց նույն НКВД-ի, КГБ-ի ճիրաններում», - ընդգծեց Հարությունյանը։

Ըստ իրավապաշտպանի, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է КГБ-ից տարբերվի՝ քաղաքական գործընթացներին և քաղաքական գործիչների գործունեությանը չխառնվելով։

«Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱԱԾ-ն իր դերակատարումը տեսնում է քաղաքական գործընթացներին և քաղաքական գործիչների գործունեությանը միջամտելու մեջ։ Մի բան, որը չպետք է լինի, եթե նա ԱԱԾ է, իսկ եթե նա КГБ է, ապա անկասկած պետք է լինի», - ասաց Վարդան Հարությունյանը։

Հիշեցնենք, ամիսներ առաջ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը հրապարակավ սպառնացել էր «բռնաբարել» ու «գլխատել» բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:

Փոստանջյանի ընդդիմախոսների դիտարկմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը նույնքան մտահոգված չէր և լռություն էր պահպանում, երբ իշխող կուսակցության պատգամավորն էր շատ տարօրինակ հայտարարություններ անում։ Նրանց խոսքով, ազատ խոսքը և բռնության կոչերը պետք է տարանջատել։

«Երկու դեպքում էլ ԱԱԾ-ն պետք է լռեր։ Գոյություն ունի դատախազություն, գոյություն ունեն համապատասխան մարմիններ, որոնք պետք է համապատասխան հայտարարություններից հետո տեսնեն՝ եթե կա քրեական տարր պարունակող որևէ բան, քրեական գործ հարուցեն և այդ պատգամավոր կոչվածին, եթե դա պատգամավոր է, կամ մարդ կոչվածին, եթե դա մարդ է, Քրեական օրենսգրքի շրջանակներում պատժել կամ չպատժել», - շեշտեց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG