Մատչելիության հղումներ

Սմբատ Հակոբյանի ծեծի գործով ձերբակալվել է երեք անձ


Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, արխիվ
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը իր հաղորդագրությունում հիշեցնում է՝ սեպտեմբերի 21-ին Սմբատ Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»: Դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է տուժողը, ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքներով՝ սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ` 37-ամյա Արարատ Գրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսված «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG