Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշում ճարահատ գյուղացիներն անգամ Կարմիր Խաչին են դիմել՝ օգնություն հայցելով բերքն անվտանգ հավաքելու հարցում


Տավուշի՝ Ադրբեջանին սահմանակցող հատվածներից մեկը

Տավուշի՝ Ադրբեջանին սահմանակցող հատվածներից մեկը

Որևէ արդյունք, սակայն, չկա: Այգեհովիտի գյուղապետը հիշեցնում է՝ Չորաթանում ադրբեջանական կողմից հենց ԿԽՄԿ-ի մեքնայի վրա են կրակել, ուրեմն «էլ ի՞նչ կարելի է ակնկալել, Կարմիր Խաչն անզոր է»:

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, ակնկալելով, որ միջազգային այս կազմակերպությունը կմիջնորդի կրակոցները դադարեցնելու և գյուղացիներին բերքը դաշտերից հավաքելու հնարավորություն տալու հարցում:

Որևէ արդյունք, սակայն, դեռ չկա: Գյուղապետ Լևոն Գրիգորյանը կարծում է, որ Կարմիր Խաչն անզոր է այս հարցում: «Փորձը ցույց է տալիս, որ անցած տարի նրանք եղել են Չորաթան համայնքում, և ադրբեջանցիների կողմից հրետակոծվել ա իրանց մեքենան»,- հիշեցնում է գյուղապետը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի խոսնակ Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Արդյունքների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդում։

Այգեհովիտի Կայան թաղամասի 30 հեկտար տարածքով խաղողի այգիներից հակառակորդի դիրքերը տեսանելի են։ Գյուղապետի տվյալներով, այգիներից 150 տոննա խաղողի բերք էր սպասվում, սակայն այն հավաքել հնարավոր չէ։ Մահվան վտանգն աչքի առաջ՝ ողջ տարին այգեհովիտցիներն այգի են մշակել աշնանը բերքը գործարանին հանձնելու մտադրությամբ, բայց չեն կարողանում: «Ժողովուրդը վախենում է մոտենալ»,- ասում են գյուղացիները:

Աշոտ Սարիբեկյանի այգին գյուղի այլ տարածքում է, ասում է, որ ինքը ևս շուրջ 25 հեկտար տարածքով իր այգուն չի կարողանում մոտենալ: Հակառակորդն ընդամենը 200 մետր հեռավորության վրա է՝ կրակում են տարբեր զինատեսակներից։

«Որ ժամին մտնում ենք, անմիջապես խանգարում են, չեն թողնում, որ մենք բերքը հավաքենք, խաղողի ոչ մի գիլա չենք պոկել, դաժե մի ճիթ չենք պոկել, որ բերենք՝ երեխեքն ուտեն: Էսօր անզոր ենք, այ սենց ձեռքներս ծալած սպասում ենք, թե վերջը ինչ կլինի»,- ասում է Աշոտ Սարիբեկյանը:

Այգեհովիտի գյուղապետի խոսքով, սեպտեմբերի կեսերին հակառակորդի կողմից արձակված կրակոցներից բերքահավաքի ժամանակ երկու ավտոմեքենա է վնասվել, դա ավելի է վախեցրել գյուղացիներին։ Ու եթե հիմա լուծում չգտնվի, հաջորդ տարի երևի այգիներն անմշակ թողնեն:

XS
SM
MD
LG