Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը «Մարտի 1»-ի սպանությունների վերաբերյալ հարցեր է ուղղել ՀՀ իշխանություններին


«Մարտի 1»-ի զոհերի հարազատները, արխիվ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները, արխիվ

2008-ի մարտի 1-ի սպանություններից 7 տարի անց Եվրադատարանն առաջին հարցերն է ուղղել Հայաստանի իշխանություններին։

Առաջիկա ամիսներին կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյո՞ք խախտվել է «Մարտի 1»-ի զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, արդյո՞ք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևանք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն», արդյո՞ք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է Կոնվենցիայի խախտումներով, և արդյո՞ք սպառված են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները։

Բողոքարկման գործընթացին չի միացել միայն Ռոբերտ Քոչարյանի կողմից հետմահու պարգևատրված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի ընտանիքը։ Մյուս ինը զոհերի հարազատները չորս տարի առաջ ուղարկած գանգատով Եվրադատարանից պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման և այլ իրավունքների խախտումները։ Հարցուպատասխանի փուլերին պետք է հաջորդի վճիռների փուլը։

«Մարտի 1»-ի քրեական գործը Հայաստանում ո'չ կարճված է, ո'չ կասեցված, քննչական մարմինները պարբերաբար հայտարարում են, որ նախաքննությունը շարունակվում է։ Արդյո՞ք այս իրավիճակը չի խոչընդոտի Եվրադատարանում գործի քննությանը, կամ չի դանդաղեցնի վճիռների կայացումը. այս հարցին ի պատասխան` սպանվածների հարազատների շահերը պաշտպանող փաստաբան Արտակ Զեյնալյանը նշեց, որ իշխանությունները պետք է կարողանան փաստերով հիմնավորել իրենց պնդումները։

«Համոզիչ պիտի լինի այդ պատճառաբանությունը, որ «նախաքննությունը շարունակվում է, մենք անպայման գտնելու ենք այդ մարտական զենքն օգտագործող չորս անձանցից երեքին, որոնք իրականացրել են այդ սպանությունները»։ Եվ այսքան տարին բավական չի եղել, որ մենք չորսից հանենք մեկ և գտնենք երեքը։ Կամ պիտի բացատրեն՝ ի՞նչն է խանգարում արդարացի փոխհատուցում տրամադրել այդ զոհերին և այդ արդարացի փոխհատուցումը ստանալ, ենթադրենք, կրակելու հրաման տվող անձից, գտնել, թե ով տվել այդ հանձնարարականը, որ անզեն քաղաքացիների դեմ օգտագործեն «Չերյոմուխա 7» տիպի մարտական զենք, որ այլ նպատակներ ունի, բայց դրանով դիմահար կրակով ուղղակի ոչնչացվել են անզեն մարդիկ»,- ասաց փաստաբանը։

«Եվրոպական դատարանի վճիռը արդարացի փոխհատուցումը չէ, արդարացի փոխհատուցումը երրորդական, չորրորդական նշանակություն ունի, ամենակարևորը իրավունքի հարցն է՝ պետությունը պարտավոր է վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը։ Պիտի արդյունավետ քննություն իրականացնի, պիտի բացահայտի մեղավորներին, պիտի արդարացի պատիժ նշանակի, և պատժվածները պիտի իրենց պատիժը կրեն մինչև վերջ, որպեսզի այս իրավունքը խախտված չլինի, որպեսզի վերականգնվի հավասարակշռությունը»,- ընդգծեց Զեյնալյանը։

Իսկ եթե կառավարությունը չանի դա, ապա, Զեյնալյանի խոսքով, Եվրոպական դատարանի վճռի չկատարումը կհանգեցնի իրավունքի խախտման շարունակականության. - «Եվ նոր ընթացակարգերի համաձայն՝ Նախարարների կոմիտեն կարող է դիմել ԵԴ և պահանջել, որ ԵԴ-ն կրկին անգամ միջամտի»։

Փաստաբանը «տարակուսելի» է որակում փաստը, որ չորս տարի առաջ ուղարկված գանգատների քննությունն այսքան ուշացումով է սկսվում։ Իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանի կասկածները՝ Հայաստանի արդեն նախկին ազգային դատավորի բացասական դերակատարության վերաբերյալ, ավելի են խորացել։

«Ես այս պահին ավելի քան համոզված եմ, որ ԵԴ-ի գործողությունները կաշկանդված են եղել Հայաստանի կառավարության կողմից՝ իրենց ներկայացուցչի միջոցով»,- հայտարարեց Խաչատրյանը։

Ի դեպ, մինչ Եվրադատարանը փորձում է կառավարությունից ստանալ տասը սպանությունների վերաբերյալ առանցքային հարցերի պատասխանները, նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

«Վահագն Հարությունյանը այն անձնավորությունն է, ով երկար տարիներ կոծկել է «Մարտի 1»-ի սպանությունների գործը, պարտակել է հանցավոր անգործությամբ և նաև գործողություններով սպանությունների էջը։ Վահագն Հարությունյանը նաև այն անձնավորությունն է, ով քննչական խմբի ղեկավարը լինելով՝ մոտ երկու հարյուր շինծու քրեական գործ է հարուցել։ Որևէ բան չի մոռացվել։ Այսօր իշխանությունը, Վահագն Հարությունյանին գեներալ-մայորի կոչում տալով, հայտարարեց, որ ինքը լավ է արել, որ արել է։ Մենք կապացուցենք, որ ինքը լավ չի արել»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG