Մատչելիության հղումներ

Եվրոպական կառույցները դիտորդներ չեն ուղարկի Ադրբեջանի ընտրություններին


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինք (ձախից) և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր (կենտրոնում), արխիվ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինք (ձախից) և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր (կենտրոնում), արխիվ

Բաքվի կողմից սահմանափակումները, շեշտում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ն, անհնար են դարձնում ընտրությունների վստահելի դիտարկումը:

Եվրոպական կառույցները հրաժարվում են դիտորդներ ուղարկել Ադրբեջան` նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:

Առաջինն այս շարքում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) էր: Դիտորդական առաքելությունների մեծ փորձ ունեցող հեղինակավոր այս կառույցի ղեկավար Միխայել Գեորգ Լինքը սեպտեմբերի 11-ին հայտարարում էր․ - «Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է սահմանափակել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ներկայացված մեր դիտորդների քանակը: Դա անհնարին կդարձնի ընտրությունների վստահելի դիտարկումը»:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ ծագած ճգնաժամի պատճառը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշումն էր` քվեարկության ընթացքին հետևելու նպատակով դիտորդների 400-հոգանոց խումբ ուղարկել:

«Ինձ համար անհասկանալի է, երբ ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում 9․5 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջան 400-հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել: Որպես կանոն, 400 կամ առավելագույնը 500 դիտորդներ ԵԱՀԿ-ն ուղարկում է 100 միլիոն բնակչություն ունեցող պետություններ: Սա անհամաչափ մոտեցում է, որը դուրս է տարրական տրամաբանության շրջանակից», - երկու օր առաջ Բաքվում հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Սրան ի պատասխան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունից հրաժարվելու մասին հայտարարեցին արդեն ԵԱՀԿ-ի կազմում գործող թվով երկրորդ կազմակերպության` ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները: Ճիշտ է, այս կառույցի ղեկավար՝ Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Իլկա Կաներվան դիտորդներ ուղարկելու մտադրությունից հրաժարվելու մասին հայտարարել էր դեռ անցած անցած շաբաթ` Մոնղոլիայում կայացած մի համաժողովի ընթացքում, բայց և այնպես, ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում նրա ելույթի տեքստը հայտնվեց երեկ` Մամեդյարովի հայտարարություններից հաշվված ժամեր անց:

«Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են մեր ավանդական գործընկերոջ` Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի աշխատանքը: Որպես հետևանք՝ գրասենյակը որոշել է չեղյալ հայտարարել Ադրբեջանում իրականացվելիք դիտորդական առաքելությունը: Նման պարագայում, երբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող, մեզ հետ սերտ առնչություններով կապված այդ կառույցն ի վիճակի չէ հետևել ընտրությունների ընթացքին, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը ևս հրաժարվում է Ադրբեջանում նախատեսված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու մտադրությունից», - նշում է Կաներվան:

XS
SM
MD
LG