Մատչելիության հղումներ

Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն այսօր Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովին քննարկելու են միգրացիոն ճգնաժամն ու հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը։

Նախապես հաղորդվում էր, որ այսօր եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում վերջնական որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով խնդիրների բարդությունը։ Այսօր նախատեսված է միայն հստակեցնել ճգնաժամի լուծման հիմնական ուղիները, որոնց մշակման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ԵՄ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների հերթական պլանային հանդիպմանը։

Իսկ մինչ այդ երեկ եվրոպական ընտանիքի անդամները համաձայնության եկան փախստականների տեղաբաշխման ժամանակավոր մեխանիզմի շուրջ։ Եվրամիության 28 երկրների ներկայացուցիչների մեծամասնությունը երեկ Բրյուսելում կողմ քվեարկեց 120 հազար ներգաղթյալների՝ ԵՄ երկրներում տեղաբաշխելու Եվրահանձնաժողովի առաջարկին։

Դեմ են քվեարկել այն երկրները, որոնք ի սկզբանե մերժում են պարտավորված քվոտավորման ցանկացած առաջարկ՝ Չեխիան, Սլովակիան, Ռումինիան և Հունգարիան։

Սլովակիան, որը պնդում է, թե որոշումն ընդունվել է բռնի կերպով, այսօր հայտարարում է, թե չի կատարելու երեկ ընդունված որոշումից բխող պարտավորությունները։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այդ մասին խոսել է Բրատիսլավայում հատուկ հրավիրված ասուլիսին։ Ֆիցոն հայտարարել է նաև, թե Սլովակիան պատրաստվում է ԵՄ ընդունած որոշումը բողոքարկել դատարանում։

«Մենք ունենք դրա իրավունքը»,- ընդգծել է սլովակ պաշտոնյան՝ հավելելով.- «Ընդունված որոշումը անիմաստ է և ոչ ռացիոնալ»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի այս պլանը ենթադրում է փախստականների պարտադիր տեղաբաշխում՝ անկախ երկրների տնտեսական ցուցանիշներից, բնակչության քանակից և այլ չափանիշներից։ Ամենամեծ թվով փախստականներ պատրաստ է ընդունել Գերմանիան՝ շուրջ 40 հազար, Ֆրանսիան կընդունի 30 հազար, Լեհաստանը՝ 10 հազար։ Ամենաքիչ թվով փախստականներ կընդունեն Կիպրոսն ու Մալթան։

Ֆրանսիան, որը համարվում է եվրոպական ինտեգրման շարժիչ ուժերից մեկը, միգրանտներին ընդունել չցանկացող ԵՄ անդամ երկրներին սպառնում է պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Չի կարելի Եվրամիությունից աջակցություն խնդրել և մերժել համերաշխության հարցում։ Երբ մենք անդամակցում ենք Եվրամիությանը, դա ենթադրում է ոչ միայն շահ, այլ նաև ընդհանուր պատասխանատվություն»,- շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կանխատեսումներով՝ 2015-2016 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանելու շուրջ 850 հազար փախստականներ, որից մոտ 400 հազարը միայն այս տարի։ Սեպտեմբերի 8-ի տվյալներով Եվրոպա է ժամանել 366 հազար փախստական։

«Մենք ծիծաղելի տեսք ունենք, եթե հաշվի առնենք խնդրի ծավալները»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ բյուջետային հարցերով նիստին։ «Հեշտ է խոսել համերաշխության մասին, սակայն դրանք դատարկ խոսքեր են, եթե չեն ուղեկցվում գործողությամբ»,- ասել է նա։

Միգրացիոն ճգնաժամի հարցով Բրյուսելում այսօր երեկոյան նախատեսված գագաթնաժողովին ընդառաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ կոչ է արել ԵՄ առաջնորդներին միավորվել՝ ճգնաժամը լուծելու նպատակով վերջիններիս հասցեագրված նամակում։

Տուսկը հայտարարել է, թե «հարցերի երկար ցանկ կա՝ փոխադարձ մեղադրանքների համար, սակայն դա չի օգնի ընդհանուր լուծում գտնելուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG