Մատչելիության հղումներ

Գյուղնախարար. Մթերվել է 75 հազար տոննա խաղող


Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ

«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել», - այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն այցելության ժամանակ, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը նաև հայտարարել է. - «Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց Ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն խաղողի մթերումների իրականացմանը»։

Նախարարի խոսքով, այս պահի դրությամբ մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, զուգահեռ ընթանում է նաև արտահանումների գործընթացը։

Ըստ Սերգո Կարապետյանի, արդեն արտահանվել է շուրջ 3 հազար 750 տոննա խաղող, որը նախորդ տարվանից շուրջ 200 տոննայով ավելի է, իսկ պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 11 հազար 500 տոննայով գերազանցում են 2014 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը։ Ըստ նախարարի, մինչև տարեվերջ աճի դինամիկան կպահպանվի:

Նախարարը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ընթանում է բերքահավաք, բնակլիմայական պայմաններն այդ առումով նպաստավոր են, և շուկայահանման և վերամշակման առումով խնդիրներ չեն լինի:

Իր հերթին, «Արմենիա Վայն» ընկերության ինդուստրիալ տնօրեն Դանիել Ղևոնդյանը հայտնել է, որ այս տարի պայմանագրերով նախատեսել են 4 հազար 500 տոննա խաղող մթերել, որից 2 հազար 700 տոննան արդեն իսկ մթերվել է, մթերման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-ից 15-ը։

Անդրադառնալով արտահանման հարցին, տնօրենը նշել է, որ խնդիրներ գրեթե չեն եղել, բացառությամբ Ռուսաստանում վաճառքի ծավալների փոքր-ինչ նվազման։

Նա ասել է, որ հաշվի առնելով այդ հանգամանքը, ընկերությունը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ երկրների հետ` արտադրված գինին արտահանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG