Մատչելիության հղումներ

logo-print

Արմավիրի գյուղերում մարդիկ տասնյակ տոննաներով վարունգ են թափում


Արմավիրի մարզի Գեղակերտ և Հովտամեջ գյուղերում մարդիկ տոննաներով աղբանոց են նետում չիրացվող և փչացող վարունգը, սեպտեմբեր, 2015թ․

Արմավիրի մարզի Գեղակերտ և Հովտամեջ գյուղերում մարդիկ տոննաներով աղբանոց են նետում չիրացվող և փչացող վարունգը, սեպտեմբեր, 2015թ․

Գյուղացիները դժգոհում են, որ գյուղնախարարությունից չեն ստանում խոստացված աջակցությունը՝ վարունգը մթերելու հարցում: Սպառնում են, որ խաղողագործների օրինակով, իրենք էլ մայրուղի կփակեն:

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում մարդիկ բերքը հավաքել են ու եզրակացրել՝ ամբողջ ձմեռ վարունգ են ուտելու: Միմյանց հանդիպելիս էլ իրար պարկերով վարունգ են առաջարկում: Իրացնել չեն կարողանում․ գործարանները չեն ընդունում։ Գեղակերտցիներն էլ նեղսրտում են՝ գյուղում հավաքված 50 տոննայից ավելի բերք արդեն փչացել է, բերքի մյուս մասին էլ նույն ճակատագիրն է սպասում:

«Ով տեսնում ա, ասում ա՝ խիար պետք չի՞, արի մի մեշոկ տամ՝ տար։ Տանենք ի՞նչ անենք էդքան խիարը, էնքան են տվել, թթու էլ ենք դրել, ամեն ինչ էլ արել ենք, օրեկան ուտում ենք, չի ծախվում, մեղք են էս ժողովուրդը»,- ասում է գյուղացիներից մեկը։

Գյուղապետ Սերյոժա Առաքելյանը ցույց է տալիս արևի տակ մնացած պարկերով վարունգը։ Պնդում է, որ վերջին տարիներին նման բան չէր եղել, որ գյուղացիները դաշտից ապրանքը գործարան տանելու փոխարեն աղբանոց նետեն։

«Ուրիշ տարիներ արտահանում էին, այս տարի մի կիլոգրամ էլ չեն արտահանել։ Հիմնականում արտահանում էին Վրաստան։ Պատճառաբանում են, թե այնտեղ այս տարի առատ բերք կա։ Ռուսաստան էլ ձեռք չի տալիս, ռուբլու էդ հարաբերակցության համար»,- պատմում է գյուղապետը։

Հարևան Հովտամեջ գյուղի բնակիչ Սուրեն Անտոնյանն էլ ասում է, որ յուրաքանչյուր հեկտարի համար մոտ 700.000 դրամ է ծախսել, բանկից էլ երկու միլիոն դրամի վարկ վերցրել։ Հիմա ճարահատյալ համաձայն է անգամ վարունգի մեկ կիլոգրամը 20 դրամով վաճառել: Եվ այստեղ շատերը այդպես կվարվեին:

«Ուղղակի ես գյուղնախարարին խնդրում եմ՝ մի օր գա Հովտամեջի շուկան, կամ Արշալույսի։ Մի օր գան հետաքրքրվեն, տեսնեն ինչ ա կատարվում։ Ընդհանրապես իրացում չկա։ Եթե մեկը կա, ուզում ա ինձանից վարունգ առնի, ես մեծ սիրով 50 կիլանոց մեշոկը 500 դրամով առաջարկում եմ»,- ասում է Սուրեն Անտոնյանը։

Հովտամեջի շուկայում հավաքված գյուղացիները տեսախցիկը տեսնելուն պես հարցնում են՝ վարունգի չիր չե՞ք ուզում։ Պատմում են, որ ամեն օր նույն պարկերը շուկա են բերում ու գրեթե նույնությամբ ետ տանում։

«Ընդամենը կես տոննա էլ ծախած չենք լինի։ Մի երեք տոննայի չափ էս վիճակում ա, մենակ մերը չի, մարդիկ կան՝ տոննաներով հավաքում են տանում շուռ են տալիս մեր գետը։ Ժողովրդի վիճակն անտանելի վիճակ ա»,- դժգոհում են գյուղացիները։

Նրանց բազմաթիվ բողոքներից հետո գյուղատնտեսության փոխնախարարը երեկ Գեղակերտ է այցելել։ Գյուղապետը անձամբ է պաշտոնյային ցույց տվել տների դիմաց կուտակված ու դաշտերում փտող բերքը՝ խնդրելով, որ նախարարությունը միջնորդի մթերման հարցում: «Գյուղնախարարն ինքն էր հորդորում՝ ազատ հող չթողնել ու խոստանում էր, որ իրացման խնդիր չի լինի, իսկ հիմա գյուղացիները սերմի գումարն անգամ չեն կարողանում վճարել»,- ասում է գյուղապետն ու շարունակում․ - «Գարունն էր, որ ասում էր՝ մենք ըստ պահանջի բոլոր մթերքներն էլ կմթերենք, կուղարկենք, կարտահանենք, բայց էսօր փաստը փաստ ա, որ կանգնած ենք էս վիճակին, որ թափում ենք»։

Օրեր առաջ էլ նույն խնդրով խաղողագործներն էին փակել Արմավիր-Երևան, Երևան-Արարատ ճանապարհը։ «Եթե այսպես շարունակվի՝ մենք էլ ստիպված կլինենք նույնն անել»,- սպառնում էին Հովտամեջի շուկայում հավաքված գյուղացիները։

XS
SM
MD
LG