Մատչելիության հղումներ

Սոչիում ռուս հոգևորականը վիրավորել է հայերին և Ցեղասպանության զոհերի հիշատակը


Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Ռուսաստանի Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի Սուրբ Թագավորական Նահատակների եկեղեցու վանահայր Լազարը անսթափ վիճակում վիրավորել է հայ ժողովրդին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Տեղի ունեցածի կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել Սոչիի քաղաքային «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը, որի հայտարարությունը հրապարակել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Ըստ հայտարարության, սեպտեմբերի 16-ին Լազարը՝ ալկոհոլային հարբածության վիճակում, սեղանակիցների հետ միասին, Լազարևսկի շրջանի ԳոսՍորտՈւչաստոկ ավանում ծեծի է ենթարկել ազգությամբ ռուս մի տեղացու, և երբ վերջինիս փորձել է պաշտպանել նրա հայազգի ընկերը, քահանան սկսել է հայհոյանքներ տեղալ հայ ժողովրդի հասցեին՝ անարգելով նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ և նկարահանված է բջջային հեռախոսով:

Հոգևորականի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Համոզված ենք, որ Սուրբ Թագավորական Նահատակների եկեղեցու վանահայրը արժանի պատիժ կկրի ռուսաստանյան օրենսդրության շրջանակում: Սակայն ինչպե՞ս նա պատասխան կտա հայ ժողովրդի հասցեին վիրավորանքների համար», - հարց է տալիս «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը, անհրաժեշտ համարելով Լազար քահանայի՝ հոգևորականի կոչմանն անհարիր գործողությունների քննարկումը ինչպես հայկական հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միությունում, այնպես էլ Ռուս ուղղափառ եկեղեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG