Մատչելիության հղումներ

Ջոն Քերրի. «Ռուսները չպետք է քաջալերեն Ասադին»


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի

Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը Վաշինգտոնի համար միայն մեկ դեպքում քիչ թե շատ ընդունելի կլինի, եթե մերձավորարևելյան այս երկրում տեղակայված ուժերը պայքարեն բացառապես «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այս մասին երեքշաբթի երեկոյան ամերիկացի լրագրողների հետ Վաշինգտոնում կայացած զրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

«Եթե ռուսներն այնտեղ են «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության», բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, դա այլ հարց է: Նույնիսկ եթե նրանք նախկինի պես աջակցություն են ցուցաբերում Բաշար Ասադին, բայց չեն բացառում «Իսլամական պետության» դեմ համագործակցության շուրջ բանակցությունների հեռանկարը, ապա կարող եմ ասել, որ մենք առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հաստատ կզրուցենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Բայց եթե ռուսներն այնտեղ են, որպեսզի քաջալերեն Ասադին, որպեսզի նա չգնա որևէ բանակցությունների, ապա դա լուրջ խնդրի է վերածվում Սիրիայի համար, մեզ համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերջ տալ այսքան լայնորեն ծավալված այս հակամարտությանը»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարության ղեկավարը հաստատել է նաև մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ վերջին մեկ ամսում ռուսական զորքերի ներկայությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում, մասնավորաբար, Լաթաքիայում զգալիորեն աճել է:

«Այո, ռուսներն ավելացրել են օդանավերի քանակը, և այդ շրջանում այնպիսի ռազմական ինքնաթիռներ կան, որոնց ներկայությունն իսկ որոշակի հարցեր է առաջացնում: Մյուս կողմից դա կախված է մեկ այլ հանգամանքից ևս. թե ինչ որոշումներ կկայացվեն [այդ տարածաշրջանում] Ռուսաստանի երկարաժամկետ ներկայության հետ կապված: Բայց մեր զինվորականների և փորձագետների մեծամասնության գնահատմամբ՝ գոնե այս պահին այդ ներկայությունը, ռազմական ինքնաթիռների այդ տեսակների տեղակայումը, հիմնականում մեկ նպատակ ունի` պաշտպանել այն ուժերին, որոնք տեղաբաշխված են ռազմաօդային բազայում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդ բազան գտնվում է հակամարտության գոտում»,- նշել է Քերրին:

Իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում էլ Քերրին այսօր ասել է, որ իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին փոխանցել է ամերիկյան կողմի մտահոգությունը` կապված Մոսկվայի` Սիրիայում ձեռնարկվող քայլերի հետ: «Այս ամենը կարող է հանգեցնել հակամարտության հետագա ծավալմանը»,- նշել է Քերրին:

Հարկ է նկատել, որ օգոստոսի վերջից ի վեր ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում շեշտակի աճ է արձանագրել: BBC-ի տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Սիրիայում էին գտնվում թվով 28 ռազմական ինքնաթիռներ, այդ թվում SU-24 տեսակի 12 ռմբակոծիչներ և նույնքան SU-25 մակնիշի կործանիչներ: Բացի այդ Սիրիայի հյուսիսում են տեղակայվել երկու տեսակի անօդաչու թռչող սարքեր և 20 ռազմական ուղղաթիռներ: Վերջինների թվում են նաև անձնակազմի տեղափոխման համար նախատեսված դեսանտային ուղղաթիռներ, պնդում են բրիտանական լրատվամիջոցի աղբյուրները:

Ռազմական ոլորտի հետազոտություններով զբաղվող մեկ այլ պարբերականի` Լոնդոնում լույս տեսնող Jane's Intelligence Review-ի մասնագետներն էլ պնդում են, որ սիրիական Լաթաքիա քաղաքի շրջակայքում արդեն իսկ երկու ռուսական ռազմակայան գոյություն ունի: Առաջինը Լաթաքիայի միջազգային օդանավակայանի տարածքում է, երկրորդը՝ քաղաքում գտնվող զինապահեստներից մեկի մերձակայքում:

Jane's Intelligence Review-ի խմբագիր Ռոբ Մանքսը նշում է.- «Հետախուզական արբանյակներից արված լուսանկարները վկայում են, որ վերը հիշատակված այս երկու վայրերում էլ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Նոր շինություններ են կառուցվում, նկատելի են նոր ռազմական վրաններ, որոնք սովորաբար օգտագործվում են ռուսական բանակի կողմից: Բացի այդ ակնհայտ է, որ ավելացել է Լաթաքիայի օդանավակայանում տեղակայված օդանավերի քանակը»։

Ի դեպ, նույն աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ի տվյալներով Սիրիայի միջերկրածովյան ափին առնվազն 500 ռուս դեսանտային էր տեղակայված: Սեպտեմբերի 21-ին արդեն, ըստ մոսկովյան «Կոմերսանտ»-ի, Սիրիայում տեղակայված ռուսաստանցի զինվորականների թիվը հասել էր 1700-ի:

XS
SM
MD
LG