Մատչելիության հղումներ

Խիդաշելին չի բացառում Ռուսաստանի հետ նոր պատերազմը


Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարարը այն հնարավոր է համարում «միջազգային հանրության անտարբերության դեպքում»:

«Ռուսաստանի հետ նոր պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հերոսաբար զոհվել», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Բրիտանական հեռուստաընկերության ամենահեղինակավոր հաղորդաշարերից մեկին` Hardtalk-ին տված հարցազրույցում Խիդաշելին չի բացառել, որ միջազգային հանրության անտարբերության դեպքում Վրաստանում կարող են կրկնվել 2008 թվականի իրադարձությունները:

«Դա տեղի չի ունենա այսօր կամ վաղը: Բայց եթե աշխարհը Ուկրաինայի օրինակով նույնպիսի թուլություն ցուցաբերի նաև Վրաստանի պարագայում, այդ ամենը կարող է կրկնվել», - նշել է Խիդաշելին՝ հավելելով․ - «Ամեն ինչ շատ հստակ է: Կան երկրներ, որոնք ցանկանում են համալրել ազատ պետությունների շարքը: Եթե ՆԱՏՕ-ն ասում է` «սա է այն սահմանը, որից այն կողմ ազատության տարածումը մեզ չի վերաբերում», ապա [2008-ի օգոստոսյան] պատերազմը կկրկնվի»:

BBC-ի լրագրողի հետ զրույցում Թինա Խիդաշելին նաև ասել է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում տեղաշարժի բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ ներքաղաքական փոփոխությունների:

«Եթե դաշինքի` Վարշավայում [2016-ի հուլիսին] կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Վրաստանի համար որևէ դրական որոշում չկայացվի, ապա ես չեմ բացառում, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ տոնեն ռուսամետ ուժերը: Նրանք վրացական խորհրդարանում կարող են որոշիչ ձայնի իրավունք ստանալ», - հայտարարել է Խիդաշելին:

Լրագրողի հարցին էլ, թե ՆԱՏՕ-ի միջամտության բացակայության և Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ է անելու Վրաստանը` հաշվի առնելով ուժերի ակնհայտ անհավասարությունը, Թինա Խիդաշելին պատասխանել է․ - «Մեզ այլ բան չի մնում, քան հերոսաբար զոհվելը»:

XS
SM
MD
LG