Մատչելիության հղումներ

Ժան-Պիեռ Մահե․ «Նարեկացին մարդկային ցեղի ամենամեծ մխիթարիչներից մեկն է»


Ֆրանսիացի նարեկացիագետ Ժան-Պիեռ Մահեն Երևանում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Ֆրանսիացի նարեկացիագետ Ժան-Պիեռ Մահեն Երևանում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Այսօր Մատենադարանում սկսված «Նարեկացիական ընթերցումներ»-ին հայաստանցի գիտնականների հետ մասնակցում էին նաև արտերկրից ժամանած հայագետներ, նարեկացիագետներ, որոնք հանդես եկան Նարեկացու կյանքին ու ստեղծագործություններին նվիրված ուշագրավ բանախոսություններով:

«Նարեկացիական ընթերցումներ»-ին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև մեր ժամանակների խոշորագույն նարեկացիագետ Ժան-Պիեռ Մահեն, որը ոչ միայն Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը բնագրից ֆրանսերեն է թարգմանել, այլև «Մատյան»-ին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:

«Ազատության» հետ զրույցում, խոսելով Նարեկացու թողած հոգևոր ժառանգության մասին, ֆրանսիացի նշանավոր հայագետը՝ Ժան-Պիեռ Մահեն, շեշտում է․ - «Եթե, ասենք, բոլորովին չես հետաքրքրվում կրոնով և առաջին անգամ ես Նարեկացի կարդում, միանգամից խաղաղությամբ և մխիթարությամբ ես լցվում: Հետո, չգիտես ինչու, այնպիսի զարմանք ես զգում: Ես կարծում եմ, թե Նարեկացին ընդհանրապես մարդկային ցեղի ամենամեծ մխիթարիչներից մեկն է: Հետո կարծում եմ, թե ինքնաճանաչման վարդապետներից մեկն է երևի»:

Թերևս նաև այս պատճառով հենց այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն դասեց նաև Կաթոլիկ եկեղեցու մեծագույն սրբերի շարքը՝ նրան հռչակելով տիեզերական վարդապետ։

Ինչպես այսօր Մատենադարանում «Ազատության» հետ զրույցում շեշտում էր մեկ այլ անվանի հայագետ, նարեկացիագետ, «Մատյանի» իտալերեն թարգմանիչ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ հայր Լևոն Զեքիյանը՝ «Նարեկացուն այսպիսի մեծ պատվի արժանացումը (Հռոմի կաթողիկե եկեղեցին մեկ ու կես միլիարդ կհաշվեն, հարյուր հազարավոր սուրբեր ունեն, բայց մինչև այսօր միայն 36-րդ տիեզերական վարդապետն է), արդեն ինքնին այդ մարդու մեծությունը ցույց կուտա: Եվ ամենակարևորը՝ ֆրանսիացի մեծ թարգմանը և գրաքննադատը [Ժան-Պիեռ Մահեն] կըսե, որ միայն այս պարագան, գուցե միակը աշխարհում, իր տեսակին մեջ, կամ այդ չափերով, որ կըսե՝ գիրք մը, որ ամբողջ ժողովրդի մը սնարի գիրքը կդառնա, ասիկա ինքնին բավական է՝ ցույց տալու անոր մեծությունը»:

Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի խոսքով էլ` նարեկացիագիտությունը հազարամյա ճանապարհ է անցել ու նշանավորվել 2003-2004 թվականներին «Մատյան Ողբերգության» երկի ստեղծման 1000-ամյակի հանդիսություններով ու միջազգային գիտաժողովներով: Այս առումով շատ կարևոր են «Մատյանի» նորօրյա հետազոտություններն ու իհարկե՝ նաև թարգմանությունները տարբեր լեզուներով:

«1000-ամյակից հետո դարձյալ վերելքի շրջան սկսվեց, սկսվեց հենց այդ հանդիսություններով, լույս տեսան նոր ուսումնասիրություններ, ի հայտ եկան նոր բնագրեր, ամփոփվեցին մեծ գիտական մատենաշարերի մեջ, և այդ միջազգային գիտաժողովների նյութերը լույս տեսան հայրաբանական գրականության մատենաշարերով, որոնք ամենամեծ միջազգային հեղինակություն վայելող մատենաշարերն են: Նաև դրա շնորհիվ էր, նոր նարեկացիագետների շնորհիվ էր, որ Գրիգոր Նարեկացին տիեզերական վարդապետ հռչակվեց Ֆրանցիսկոս պապի կողմից: Ես ուզում եմ շեշտել այդ նվիրյալների անունները, հատկապես՝ Լևոն Զեքիյանի և Ժան-Պիեռ Մահեի, որոնք հսկայական գործ են արել՝ և՛ կազմակերպչական, և՛ թարգմանական, և գիտական: Նաև՝ հանրահռչակման և տարածման հարցերում»,- ասաց Հրաչյա Թամրազյանը:

XS
SM
MD
LG