Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն զգուշացնում է Զարուհի Փոստանջյանին


ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որ ««տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:

«Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»,- ասված է այսօր ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում։

Ըստ այդ հայտարարության՝ սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, «թույլ է տվել սադրիչ արտահայտություններ»:

«Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զարուհի Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն և փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը»,- կարծում են ԱԱԾ-ում։

«21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձևավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած և պետականության հզորացման գործում անվտանգության մարմինների դերը չհասկացող գործիչներին օգտակար կլիներ ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» և «НКВД» չի, և որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG