Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսներն արդեն առնվազն 28 մարտական օդանավ ունեն Սիրիայում


Stratfor վերլուծական հանդեսի հրապարակած ամերիկյան արբանյակային լուսանկարները հաստատում են, որ ռուսները հզորացնում են ռազմակայանը Լաթաքիայում

Stratfor վերլուծական հանդեսի հրապարակած ամերիկյան արբանյակային լուսանկարները հաստատում են, որ ռուսները հզորացնում են ռազմակայանը Լաթաքիայում

The New York Times օրաթերթի փոխանցմամբ, ռուսները Լաթաքիայի մոտակայքում գտնվող ռազմակայանում էապես ավելացրել են մարտական օդանավերի թիվը։ Այնտեղ կա արդեն առնվազն 28 օդանավ։

Սու-24 (ՆԱՏՕ-ի կոդավորմամբ` «Սուսերամարտիկ») և Սու-25 («Գորտի թաթիկ») ինքնաթիռներն ընձեռում են Սիրիայում օդային հարվածներ հասցնելու հնարավորություն։ Այդ մասին երեկ ասել է Պենտագոնի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Դեռ անցած շաբաթավերջի դրությամբ ռուսները Սիրիայում ունեին ընդամենը չորս ինքնաթիռ։

Այդ օդանավերի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության արդիական համակարգերի տեղակայումը նախագահ Բաշար ալ-Ասադի հայրենի Լաթաքիայի շրջանում վկայում է Մերձավոր Արևելքում հզոր հենակետ ստեղծելու Մոսկվայի մտադրության մասին։

Ենթադրվում է, որ ռազմակայանը պաշտպանում են SA-22 («Панцирь С-1») տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային երկու կամ երեք կայանք և ամերիկյան Predator տեսակի կարողություններ ունեցող ռուսական արտադրության անօդաչու հետախուզական թռչող սարքեր։

«Արհեստավարժ օդաչուների, արդյունավետ հրամանատարության և այդ նոր օդանավերի օգնությամբ դա կդառնա շատ հզոր ռազմակայան»,- ասել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Դեպտուլան, ով 1991 թվականին Պարսից ծոցում և 2001 թվականին Աֆղանստանում մասնակցել է ամերիկյան օդային գործողությունների ծրագրմանը։

Ըստ The New York Times-ի, ռուսները Լաթաքիայում ունեն առնվազն 15 մարտական ուղղաթիռ, այդ թվում Մի-8 տեսակի բեռնատար և Մի-24 տեսակի հարվածային, ինչպես նաև T-90 տեսակի ինը հրասայլ և ավելի քան 500 դեսանտային։ Ռուսաստանցի զինծառայողների թիվը կարող է հասնել 2000-ի։

«Տեխնիկայի և զինծառայողների թիվն օրըստօրե աճում է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը։ Նա նշել է, որ ռուսական ինքնաթիռներն այսօրվա դրությամբ դեռ օդ չեն բարձրացել։

Ամերիկացի և եվրոպացի զինվորական ղեկավարների մտավախությունն այն է, որ ռուսական զինուժի և ամերիկացիների առաջնորդած արևմտյան զինուժի միջև Մերձավոր Արևելքի օդային տարածքում թյուրիմացության արդյունքում կարող են տեղի ունենալ անկանխատեսելի հետևանքներով հղի բախումներ։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հարցն անցած ուրբաթ օրը հեռախոսով քննարկել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ։

Պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կողջունի ռուսական ուժերի միջամտությունն այն դեպքում, եթե դրա նպատակը լինի ոչ թե Ասադի պաշտպանությունը, այլ «Իսլամական պետության» հենակետերի ոչնչացումը։

«Եթե պարզվի, որ իրականում ռուսներն ընդամենը Բաշար ալ-Ասադին են սատարում, ապա դա միանգամայն նոր կացություն կստեղծի, բանն այն է, որ հենց Ասադն է այն մագնիսը, որն իր մոտ է ձգում բոլոր ծայրահեղականներին»,- ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին։

Արևմտյան վերլուծաբանների համոզմամբ, Սիրիա զորք ուղարկելով՝ Վլադիմիր Պուտինը հետապնդում է երկու նպատակ. սատարել Բաշար ալ-Ասադին, քանի որ Մերձավոր Արևելքում նրա ռեժիմը Մոսկվայի միակ դաշնակիցն է, և շեղել միջազգային ու ռուսաստանյան հանրության ուշադրությունն Ուկրաինայից և համոզել Արևմուտքին, որ Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է, որի հետ պետք է համագործակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG